Նորություններ

Ապրիլյան քառօրյա գոյամարտի հերոս, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 23 տարեկան

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է երեք տարուց ավելի։ Քառօրյան գոյամարտ էր, որտեղ անկախության սերունդն արյան մինչեւ վերջին կաթիլը կռվեց՝ հանուն ներկայի ու ապագայի։ Քառօրյա պայքարի հերոսներից գյումրեցի Տիգրան Աբգարյանը կդառնար 23 տարեկան։ Կյանքով լեցուն էր, բարի, գաղտնապահ, համառ, կարգապահ, մարդկային․ ահա այսպես էին հերոս Տիգրանին բնութագրում հարեւաններն ու հարազատները։

Հերոսի հարազատները պատմում են, որ Տիգրանի ծնունդը ամեն անգամ նշել են ընկուզենին թափ տալով ու պտուղները հավաքելով։ Այդ ավանդույթի հիմքը Տիգրանի պապիկն է դրել: Արդեն 3-րդ տարին է, ինչ չկա քաջորդին, բայց ավանդույթը պահպանվում է։ Այսօր գյումրեցին իրեն բնորոշ էր հարգանքի տուրք մատուցում իր հերոսին։ Խնկարկում, ծաղիկների խոնարհում եղբայրական պանթեոնում եւ 321-րդ տանկի անմահ հերոսի անունով լսարանի բացում՝ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում։ Հուշ-երեկո շարունակվենց տանկիստ Տիգրանենց բակում։ Ռազմի դաշտում ծնված երգեր, ռազմական պարեր, հայրենասիրական շունչն էր թեւածում։ Իսկ վերջում, ավանդույթի համաձայն, Տիգրանենց բակի ընկուզենին թափ տվեցին։

Հիշեցնենք, որ 321-րդ տանկի անձնակազմը՝ Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը եւ Վլադիմիր Ալիխանյանը, ծավալած մարտական գործողությունների ընթացքում երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ: Հակառակորդի կողմից գրաված 9-րդ ՊՇ-ի N112 մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ, արհամարհելով հակառակորդի կողմից տարբեր ուղղություններով վարվող ինտենսիվ հրետանային կրակը, տանկիստները դուրս են եկել կրակային բնագծից, առաջ շարժվել դեպի գրոհող թշնամին, հընթացս կրակով խոցել հակառակորդի 1 տանկ և բազմաթիվ գրոհայինների: Խոցվել են հակառակորդի կողմից ու զոհվել:

Նշենք, որ հարազատները Տիգրանի մահվան բոթն իմացել են ապրիլի 7-ին։

Հ.Գ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից էին՝ Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:

Ավելին
Back to top button
Close