ՄիջազգայինՆորություններ

Իսպանիայում կատալոնացի անջատողականների առաջնորդներին դատապարտել են 9-13 տարվա ազատազրկման

Իսպանիայի գերագույն դատարանը կատալոնացի անջատողականների 9 առաջնորդի դատապարտել է 9-13 տարվա ազատազրկման՝ 2017թ.-ին տարածաշրջանի անկախության հանրաքվեի ժամանակ խռովություն հրահրելու համար, տեղեկացնում է currenttime.tv-ն:

Ամենաերկարատեւ՝ 13 տարի բանտարկությունը կկրի Կատալոնիայի կառավարության նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը: Նրան մեղադրել են ոչ միայն խռովություն հրահրելու, այլեւ պետական միջոցների չարաշահման մեջ: Ժունկերասը ձերբակալվել էր դեռեւս 2017թ.-ին: Եվս 3 մարդ տուգանվել է: Նրանցից ոչ մեկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Կատալոնիայի անկախության կողմնակիցները դուրս են եկել Բարսելոնայի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Կատալոնիայում քաղաքական ճգնաժամը սրվել էր 2017թ.-ի աշնանը՝ տարածաշրջանում անցկացվող հանրաքվեին ընդառաջ:

Հանրաքվեի նախօրեին պաշտոնական Մադրիդը Կատալոնիա ուղարկեց հատուկ ջոկատայինների, ովքեր փորձ արեցին վիժեցնել քվեարկության ընթացքը: Սակայն շուրջ 2,26 մլն քվեարկողների  90,1%-ը կողմ էր արտահայտվել Իսպանիայից անջատմանը:

Աղբյուր՝ currenttime.tv

Ավելին
Back to top button
Close