«Սա առաջին դեպքն է, երբ մեր երկրի ղեկավարին ինչ-որ դիտողություն են անում, և նա պատասխանում է». Պապյան

«Ալիևն իր հայտարարությամբ ուզում էր Հայաստանի դեմ տրամադրել հիմնականում Ռուսաստանի ժողովրդին և ռուսական իշխանություններին՝ կապելով Նժդեհին ֆաշիզմի հետ, ներկայացնելով իբր նացիզմի գաղափարախոսության հիմնական կրող»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը ԱՊՀ երկրների առաջնորդների առջև, որտեղ Գարեգին Նժդեհին և Հայաստանը փորձել է ներկայացնել իբրև ֆաշիստներին հերոսացնող, նշեց քաղաքագետ Արա Պապյանը:
Քաղաքագետն ընդգծում է, որ, ըստ էության, դրա մեջ շատ-շատ փոքր ճշմարտություն կա այնքանով, որ Նժդեհը համագործակցել է գերմանական իշխանությունների հետ, բայց Նժդեհը և հայկական լեգիոնը երբևէ վստահություն չեն ունեցել գերմանաֆաշիստական ղեկավարության կողմից, և այն երբևէ չի օգտագործվել ռազմաճակատային պատերազմի ժամանակ կամ այլ նմանատիպ բաներում:
Պապյանի կարծիքով՝ հատկապես դրա իրավունքը չունի Ալիևը:
«Իր երկրում ադրբեջանական հանրապետության նախկին վարչապետ Ռասուլ Զադեի և՛ նամականիշներ կան, և՛ հուշարձան, և՛ պանծացում: Ռասուլ Զադեն էլ այն անձն է, որը այ իսկապես սերտորեն համագործակցել է նացիստների հետ, ստեղծել է 40 հազարանոց լեգիոն, և այդ լեգիոնն օգտագործում էին բոլոր պատժիչ գործողություններում, որտեղ մինչև իսկ գերմանացիները չէին ուզում իրենց ձեռքերն աղտոտել»:
Պապյանը հիշեցնում է, որ այս թեմայի շուրջ ժամանակին նույնպես եղել է նմանատիպ խոսակցություն, և ըստ քաղաքագետի՝ մեր սխալն այն է, որ փաստերով, լուսանկարներով պատասխան չէինք պատրաստել և չէինք հակադարձել Ադրբեջանին:
Անդրադառնալով Փաշինյանի պատասխանին՝ բանախոսը շեշտեց, որ այն մասամբ գոհացրել է իրեն, որովհետև այնուհանդերձ պատասխան եղել է:
«Սա առաջին դեպքն է, որ տեսնում ենք, որ երբ մեր երկրի ղեկավարին ինչ-որ դիտողություն են անում, նա պատասխանում է: Ես Ձեզ ուզում եմ հիշեցնել, երբ մենք Եվրասիական էինք մտնում, Նազարբաևի հայտարարությունը և ոչ միայն հայտարարությունը, նաև Ալիևի նամակի կարդալը և Սերժ Սարգսյանի բացարձակ լռությունն այն դեպքում, երբ որ ինքը հանգիստ կարող էր պատասխանել»:
«Ես կուզեի, որ ոչ միայն պաշտպաներ Նժդեհին, այլ նաև հակադարձեր՝ ասելով, որ ֆաշիզմի ջատագովը դուք եք, ձեր Ռասուլ Զադեն է, ձեր իշխանությունն է և ձեր հայրն է»,- հավելեց քաղաքագետը: