Նորություններ

Հերթական անգամ թալանել են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն. թիրախում Նոր Նորք մասնաճյուղն է եղել, որտեղից հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Վահե Պ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից 04:05-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղին պատկանող վճարային տերմինալի երկաթյա դռնակը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և այնտեղից հափշտակել թղթադրամի և մետաղադրամի պահոցները:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի և տարածքը սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Վահե Պ.-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորք մասնաճյուղի կառավարիչն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Back to top button