Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Մոսկվան հույս ունի օգուտ քաղել Սիրիայի տարածք թուրքական ներխուժումից

«Ռուսաստանը կարծում է, որ կկարողանա ամրապնդել իր գերիշխող դիրքը եւ նպաստել Դամասկոսի հետ քրդերի մերձեցմանը»,-գրում է Le Monde-ի թղթակից Բենուա Վիտկինը:

«Ներկայիս իրավիճակը պայմաններ է ստեղծում Մոսկվայի դիրքերի ամրապնդման համար: Ռուսաստանը կարողանում է օգուտ քաղել ուրիշների սխալներից եւ զբաղեցնում է առաջացած դատարկ տեղերը, ինչպես դա եղավ 2013թ.-ին՝ Բարաք Օբամայի՝ Դամասկոսին հարվածներ չհասցնելու որոշումից հետո: Այսօր Վաշինգտոնը կրկին հետ է քաշում զորքերը եւ թույլ դիրքեր ունի: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը կհայտնվի մեկուսացման մեջ»,-պնդում է Եվրոպայի ինստիտուտի Եվրոպա-Մերձավոր Արեւելք կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շումիլինը:

«Սիրիայի հարցում Անկարան ու Մոսկվան շահերի հակադրություն ունեն, նրանց հարաբերությունները փոփոխական են, եւ Ռուսաստանը կարող է ուրախանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ ամերիկացիների ու թուրքերի պառակտման խորացման փաստով: Ռուսաստանյան ՀՕՊ Ս-400 համակարգերով զինվելու թուրքական որոշումն արդեն իսկ երկու երկրների միջեւ ճգնաժամ է հրահրել»,-նշում է հոդվածագիրը:

«Ռուսաստանի համար գերակա խնդիր է Դամասկոսի իր դաշնակից Բաշար Ասադի պաշտպանությունը եւ նրա կողմից վերահսկվող տարածքների ընդլայնումը: Երկրի հյուսիսում տեղի ունեցող վերջին իրադարձությունները կարող են նոր հնարավորություններ ընձեռել: Մոսկվան երբեք չի խզել կապերը քրդական խմբավորումների հետ՝ փորձելով համոզել նրանց ընդունել Դամասկոսի խնամակալությունը: Քրդերի անվստահությունը եւ քրդական շրջաններին տրված ինքնավարության աստիճանի հարցում Դամասկոսի անհաշտությունը մինչ օրս վիժեցնում են այդ նախագծի իրագործումը, սակայն Թուրքիայի հարձակումով պայմանավորված ճնշումը կարող է փոխել իրավիճակը»,-ասվում է հոդվածում:

«Ստեղծված իրավիճակում Մոսկվան պատրաստ է հրաժարվել քրդերից՝ հանուն մեծ շահերի: Այդպես եղավ նաեւ 2018թ.-ին Աֆրինում, երբ ռուսաստանյան զորքերը լքեցին քաղաքը՝  YPG-ի քրդական ինքնապաշտպանական ուժերին դեմ դիմաց թողնելով թուրքական բանակի առաջ՝ «Եփրատի վահան» ռազմարշավի ժամանակ»:

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը եւս կարծում է, որ Ռուսաստանը կփորձի օգտվել իրավիճակից, որպեսզի ամրապնդի դիրքերն Իդլիբում՝ Սիրիայի հյուսիս-արեւմտյան գլխավոր նահանգում: Այդ կերպ Մոսկվան կարող է թույլ տալ Անկարային Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ձեւավորել՝ խաղը վերսկսելու պայմանով, ըստ որի Ռուսաստանը սիրիական բանակի հետ Իդլիբը վերանվաճելու նոր գործողություն կձեռնարկի»,-գրում է Le Monde-ը:

«Բայց կա վտանգ, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ եւ թուրքական ռազմարշավը կվերածվի լայնածավալ հակամարտության: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը շահագրգռված չէ ամերիկացիների ամբողջական հեռացմամբ, ինչը շատ զգալի վակուում կառաջացներ»,-կարծիք է հայտնում Լուկյանովը:

«Մոսկվան շատ է հպարտանում Մերձավոր Արեւելքում բոլորի հետ խոսելու իր կարողությամբ՝ իսրայելցիների եւ արաբների, իրանցիների եւ սաուդցիների…բայց դա կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի միջամտում»,-նշում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի կենտրոնի տնօրեն Տատյանա Կաստուեւա-Ժանը՝ ավելացնելով. «Եվ տեղերում յուրաքանչյուր ընդլայնում Ռուսաստանի այդ դիրքորոշումը դարձնում է ավելի ու ավելի անգործուն: Ռուսաստանյան դիվանագիտությունն այժմ բացահայտ ընդունում է, որ չի կարող առաջարկել հակամարտության այնպիսի կարգավորում, որը կբավարարի բոլոր մասնակիցներին»:

 

Աղբյուր՝ Le Monde

Ավելին
Back to top button
Close