ՆորություններՍպորտ

Ցավոք՝ Մխիթարյանը բացակայում է, բայց առջևում ունենք հարց լուծող տղաներ. Հարոյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը շեշտում է՝ Եվրո-2020-ում խաղի մեջ մնալու համար պարտադիր է հաղթել Լիխտենշտեյին ու Ֆինլանդիային՝ համապատասխանաբար հոկտեմբերի 12-ին և 15-ին:

Այս մասին Հարոյանն ասել է լրագրողների հետ Շվեյցարիայում ունեցած ճեպազրույցի ընթացքում.

«Ֆինլանդիայի հետ առաջին խաղն ամենավատն էր այս ցիկլում:

Դա մեր խաղը չէր: Բայց այո այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել հավաքականի խաղում: Կարծում եմ՝ հիմա այլ խաղ է սպասվում:

Ի՞նչ է փոխվել հավաքականում. չեմ կարծում, թե միայն վերջին խաղերն են հուսադրող: Պարզապես մեր թիմն ավելի է երիտասարդացել: Արտերկրում խաղացող ֆուտբոլիստները հաջողություններ են ունենում ու դա անդրադառնում է հավաքականում նրանց ելույթների վրա: Ցավոք, այս անգամ Մխիթարյանը բացակայում է, բայց կարծում եմ՝ մենք առջևում հարց լուծող տղաներ ունենք:

Եթե ուզում ենք խաղալ Եվրո-2020-ում, ապա այս երկու խաղերում 6 միավոր պետք է վաստակենք, չնայած դա դեռ հարց չի լուծում: Աստծո հաջողությամբ, պետք է լավ խաղանք»:

Հարոյանը խոսել է նաև ակումբային գործերի մասին՝ բացատրելով, թե ինչու է վերջին շրջանում քիչ խաղաժամանակ ստանում ու արդյոք Հայաստանի առաջնությունում կա՞ն խաղացողներ, ովքեր կարող են արդյունավետ հանդես գալ ՌՖՊԼ-ում.

«Այս անգամ ավելի շատ խաղեր խաղացի ակումբում, իմ մարզավիճակը նորմալ է: Ամեն ինչ լավ է: Ակումբում մրցակցությունը շատ մեծ է, բայց երբեմն լեգեոներների լիմիտը խանգարում է, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանամ: Մյուս տարի պետք է փոխվի:

Հայաստանում կան խաղացողներ, ովքեր հանգիստ կարող են խաղալ Ռուսաստանում: Բայց եթե փոփոխություն լինի ու մենք Ռուսաստանում լեգեոներ չհամարվենք, ավելի հեշտ կլինի: Բայց եթե խոսում ենք ՌՖՊԼ-ի մակարդակի մասին, ապա այո ունենք բավականին լավ խաղացողներ, ովքեր համապատասխանում են այդ մակարդակին»:

 

armsport.am

 

Ավելին
Back to top button
Close