Նորություններ

ՀՅԴ-ն դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողությունները ինքնիշխան պետության դեմ

Հերթական անգամ ոտնահարելով պետությունների և ժողովուրդների միջազգայնորեն ամրագրված իրավունքները,  Թուրքիան բացահայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հյուսիս — արևելքում:

Ենթադրյալ անվտանգության գոտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում  ոչ  միայն Սիրիայի հողային ամբողջականությունը, այլև այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնության, ինչպես նաև ազգային և կրոնական տարբեր փոքրամասնությունների, այդ թվում` հայերի անվտանգությունը և միտված է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

Երկար ժամանակ հովանավորելով Սիրիայում գործող ծայրահեղականներին, Թուրքիան, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, այսօր ստեղծում է ռազմական գործողությունների նոր սրացման, ջարդերի և տեղահանության, ահաբեկչական կազմակերպությունների վերաշխուժացման և մարդասիրական աղետի նոր վտանգ:

Մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Սիրիայում հաշտության և խաղաղության մթնոլորտի ձևավորման, ներքին թնջուկների հաղթահարման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առավել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մեջ ներգրավված ուժերի և կազմակերպությունների անհամարժեք արձագանքը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետության նոր հանցավոր գործողություններին:

Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն`

♦ դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողությունները ինքնիշխան պետության դեմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնության և ազգային փոքրամասնությունների դեմ.

♦ պատրաստակամություն է հայտնում օժանդակելու ռազմական գործողությունների անմիջական գոտում հայտնված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակությունների հարցերում.

♦ զորակցություն է հայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրավված տերությունների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրո

Ավելին
Back to top button
Close