ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ըստ էության, թե՛ ամերիկացիները և թե՛ ռուսները կանաչ լույս են տվել Թուրքիայի գործողություններին». Ա. Հովհաննիսյան

«Այս ռազմական գործողությունների արդյունքում, որին շատ փարիսեական, երեսպաշտական և ամպագոռգոռ  անվանում են տվել՝ «Խաղաղության ակունք», նրանք իրականացնում են իրենց ծրագիրը՝ փոխել ժողովրդագրական պատկերը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական գործողության մեկնարկին՝ նշեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Հարցին, թե տարածաշրջանային անվտանգության համատեքստում ի՞նչ վտանգներ է պարունակում թուրքերի ռազմական ներխուժումը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, թուրքագետն արձագանքեց, որ, ըստ էության, կանաչ լույս են տվել թե ամերիկացիները և թե ռուսները Թուրքիայի գործողություններին:

«Մենք տեսնում ենք, որ նորից Սիրիայի ճգնաժամը Թուրքիայի գործողությունների արդյունքում և մեծ տերությունների թողտվությամբ սկսում է ուժգնանալ, և դա անդրադառնալու է ամբողջ տարածաշրջանի, առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի ալեկոծությանը»:

Ի պատասխան հարցին, թե միջազգային հանրության որոշ արձագանքներ բավարա՞ր են թուրքերին զսպելու համար, Անուշ Հովհաննիսյանը նշեց. «Ցավոք սրտի, միջազգային հանրությունն առայժմ չունի ավելի գործուն մեխանիզմներ նման տիպի քայլերը ճիշտ փուլում և  գործուն միջոցներով կանգնեցնելու համար»:

Ավելին
Back to top button
Close