Նորություններ

«Միքայել Հարությունյանի նախկին տեղակալը Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին կարեւոր տեղեկություններ է տվել». armtimes.com

Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նախկին տեղակալն արդեն հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով եւ շատ կարեւոր տեղեկատվություն է տրամադրել։ Այս մասին այսօր՝ հանձնաժողովի նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա, սակայն, չհրապարակեց ստացած տեղեկությունների բնույթը։

Պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով հրավիրելու հարցին՝ Քոչարյանն ասաց, որ որեւէ մեկը, որն ունի տեղեկատվություն, չի կարող հրավիրված չլինել հանձնաժողով․ «Բոլորին հրավիրելու ենք մեր հաստատած ցանկով` դեռ մի բան էլ ավելի: Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է մերժել մի հանձնաժողվի հրավեր, որը միտված է դեպքերն ուսումնասիրելու»,- շեշտեց Քոչարյանը՝ հավելելով՝ ակնկալում է, որ որեւէ հրավիրյալ չի մերժի ներկայանալ Ապրիլյան պատերազմի հարցերին վերաբերվող հանձնաժողով.

«Նույնիսկ Սերժ Սարգսյանին եմ ակնկալում, որ չի մերժի, ավելին՝ նույնիսկ ակնկալել եմ, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, եթե Մարտի մեկի գործով լքեց Հայաստանը, ապա Ապրիլյանով ինքը պետք է ձեւ գտնի՝ հանձնաժողովի հետ կոնտակտ կարողանա ապահովել, չգիտեմ, տեխնիկական ինչ-որ միջոցներով՝ սկայպով, որովհետեւ հարցեր կային, որ իրեն էլ պետք է ուղղեինք, քանի որ Միքայել Հարությունյանն այդ ժամանակ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսուչն էր»։

Անդրանիկ Քոչարյանը, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովն այսօր չի եղել ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում:

Ըստ Քոչարյանի՝ հանրությանն ու լրագրողներին հետաքրքրող «հայտնի պերսոնաժներին» հրավիրելու դեպքում տեղեկություն կտրամադրեն:

Հանձնաժողովի նախագահը սկզբում չասաց, թե ով է եղել այսօրվա հյուրը, միայն նշեց՝ մարդ, ով հարստացրեց իրենց տեղեկատվությունը: Ավելի ուշ Քոչարյանը հայտնեց, որ հանձնաժողովի հրավիրյալն Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում ծառայություն իրականացրած զինվոր է եղել․

«Հարցի այս ասպեկտը կարեւորում ենք, քանի որ հենց այդ տղաներն են իրականում տեսել, թե ինչ եւ ինչպես է կատարվում, վերապրել են իրենց ընկերների մահը: Հանձնաժողովում նրանց լսելը կարեւորում ենք նաեւ առաջիկայում համանման իրավիճակները կանխելու, բանակն ուժեղացնելու եւ ամրացնելու տեսանկյունից»,- ասաց Քոչարյանը՝ մեկնաբանելով, որ հրավիրյալներին տրվող հարցաշարը կազմվում է անհատական՝ ելնելով հրավիրյալի կարգավիճակից, պատասխանատվության աստիճանից:

Հարցին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հանձնաժողովում արդեն լսե՞լ են, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ դեռ՝ ոչ, բայց անպայման հրավիրվելու է։

Հանձնաժողովի աշխատանքներն ընթանում են արդեն ավելի քան չորս ամիս։ Նախատեսված է վեց ամիս ժամկետ, սակայն եթե անհրաժեշտ լինի, հանձնաժողովականները կդիմեն ԱԺ-ին՝ ժամկետը երկարաձգելու համար, որի իրավունքն ունեն։ Անդրանիկ Քոչարյանը միեւնույն ժամանակ նշեց, որ իրենց աշխատանքների ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ աշխատում են վեց ամսվա ընթացքում ունենալ մաքսիմալ տեղեկատվություն։

Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանափակ փորձագետների առկայությունն իրենց ունեցած հսկայական տեղեկատվության արագ եւ ամբողջական մշակման հնարավորություն չի տալիս․ խորհրդատուների ինստիտուտ են սահմանել: Նրանցից մեկն էլ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցն է լինելու: Նա Անդրանիկ Քոչարյանին հայտնել է, որ այժմ Սիրիայում է, կօգնի, երբ վերադառնա:

«Բարձրաստիճան զինվորականների օգնությունը լինելու է այն, որ սխալ եզրահանգումների վրա հանձնաժողովականները չշեղվեն: Խորհրդատվություններ են պետք լինելու նաեւ հետախուզության, հրետանու, ռազմաօդային ուժերի հարցերով»,- մասնավորապես ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հավելեց, որ խորհրդատուների ցանկում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանը, ռազմական գործիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը:

Աղբյուր՝  armtimes.com

Ավելին
Back to top button
Close