Նորություններ

Շիրակի մարզում Գերմանիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. տեղափոխվող 3 մեքենաները հայտնվել են ձորում

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 59-ամյա Պիտե Մ.-ն իր վարած DAF մակնիշի BB 130-133-P համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ ոլորանապտույտ գոտում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կցորդիչին ամրացված կոնտեյների մեջ եղած 3 ավտոմեքենաները կոնտեյներից դուրս են շպրտվել և մոտ 25 մետր գլորվել ձորը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի գոտի և սահմանազատել տարածքը, իսկ կոնտեյները դուրս բերելու համար անրհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close