Նորություններ

Դռնփակ ռեժիմում կառավարության անդամները կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը

«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ, մեր գնահատմամբ, այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը»:  Այս մասին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին:

«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ը, իհարկե, արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ, մեր գնահատմամբ, այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ես ուզում եմ ընդգծել. ինչպես տեղյակ եք, Հայաստանի հանրապետությունը Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը, եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը: Ես կարծում եմ՝ իմաստ ունի, որ այսօր՝ կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո, մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք եւ մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին
Back to top button
Close