ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Ռեւանշի շանս չկա. նախկինների նպատակն է խուսափել անխուսափելի պատասխանատվությունից. Ա. Սաքունց

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, նշեց.

«Ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլև ընդհանրապես դատաիրավական ամբողջ համակարգն արմատական փոփոխության կարիք ունի: Սա, իմ համոզմամբ, այն ելակետն է, որից ելնելով՝ պետք է փորձել գնահատել գործողությունները, որ իրականացվում են: Իսկ ինչու արմատական բարեփոխման կարիք ունի, որովհետև տարիներ շարունակ դատաիրավական համակարգը, դատարանները, քննչական մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը, Սահմանադրական դատարանը եղել են պետության զավթման մարմինները, գործիքները, որոնք ըստ էության նոտարական վավերացում են տվել քաղաքական իշխանությունը բռնազավթած խմբի այն գործողություններին, որոնք տեսական նշանակություն են ունեցել նրանց թե՛ իշխանությունը պահպանելու և թե՛ կոռուպցիոն շահերը բավարարելու և թե՛ նաև եկամուտներն ապահովելու համար»:

Հիմա էլ դատական համակարգը սպասարկում է նախկին իշխանությունների շահերը, որոնց նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Այսօրվա իշխանությունների խնդիրն է, ըստ Սաքունցի, դատաիրավական համակարգն ազատել նախորդ իշխանությանը սպասարկողի վիճակից:

«Ազգային ժողովի լեգիտիմության հարցը լուծվել է, գործադիր իշխանության լեգիտիմության հարցը լուծվել է, բայց դատաիրավական համակարգի լեգիտիմության հարցը չի լուծվել: Ամբողջ համակարգը պետք է վեթթինգի ենթարկվի և մաքրվի»,- նշում է իրավապաշտպանը:

Անդրադառնալով հարցադրմանը՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական ընթացակարգի հետ գործ ունենք, Արթուր Սաքունցը նշեց.

«Հրայր Թովմասյանի վերաբերյալ լրիվ իրավական ընթացակարգ է: Այսինքն, քաղաքական է ոչ թե այն գործողությունը, որ հիմա կատարվում է, այլ դա իրավական է, որի նպատակն է քաղաքականացված Սահմանադրական դատարանն ազատել քաղաքականացվածությունից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close