Նորություններ

Բակո Սահակյանի շրջապատում սկսվել է Սերժ Սարգսյանին դուր գալու մրցավազք. Բալասանյանը նպատակ ունի մնալ ՀՀ նախկին նախագահի նախընտրած թեկնածուն

«Վ.Բալասանյանի հայտարարություններն անթույլատրելի են: Բակո Սահակյանի թիմակիցների մոտ այնպիսի տպավորություն կա, որ կեղծ լուրերով և ՀՀ իշխանությունների դեմ հակաքարոզչությամբ կարողացել են Արցախում որոշակի տրամադրություններ ստեղծել, և Վ.Բալասանյանին էլ թվում է, որ ՀՀ իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններով կարող է մոբիլիզացնել այդ ընտրազանգվածին 2020թ. համապետական ընտրությունների ժամանակ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով Արցախի հերոս, ԱԱԾ նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանի աղմկոտ հայտարարություններն՝ ասաց Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Ըստ Խանումյանի՝ այս ամենով է պայմանավորված Վիտալի Բալասանյանի վարքագիծը: «Բակո Սահակյանի շրջապատում սկսվել է նաև Սերժ Սարգսյանին դուր գալու մրցավազք, և Բալասանյանը նաև նպատակ ունի մնալ ՀՀ նախկին նախագահի նախընտրած թեկնածուն»:

Մեր այն նկատառմանը, որ ժամանակին Վիտալի Բալասանյանը շատ խիստ քննադատում էր նաև Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին, ինչպե՞ս սկսվեց Բալասանյանի համագործակցությունը Հայաստանի նախկին իշխանությունների հետ, Խանումյանը պատասխանեց, որ ժամանակին Բալասանյանն իսկապես մեծ հեղինակություն ուներ Հայաստանում և Արցախում, որն ավելի ուշ կորցրեց.

«Բակո Սահակյանի մոտ աշխատանքի անցնելուց հետո նա աստիճանաբար կորցրեց իր հեղինակությունը: Կարծում եմ՝ այժմ Բալասանյանը լուրջ վարկանիշային խնդիրներ ունի»:

Ըստ էության, Վիտալի Բալասանյանն առաջին անգամ չէ, որ կասկածի տակ է դնում, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, նա հայտարարում է, որ Հայաստանում իշխանության բռնազավթում է եղել: Որքանո՞վ են վտանգավոր նման հայտարարությունները, հատկապես, երբ դրանք հնչում են Արցախից: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը պատասխանում է.

«Տարբեր հայտարարություններ կարող են հնչել: Ուղղակի ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ նման հայտարարություններն անթույլատրելի և անարդար են, քանզի մենք Հայաստանում առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածք հանձնելու մասին, ի տարբերություն նախորդների, որը հստակ բարեփոխումներ է իրականացնում բանակում, հոգում սպառազինության և ենթակառուցվածքների բարելավման, ստեղծման մասին, անընդհատ ընդլայնում Արցախում իրականացվող ծրագրերը: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրինականությունը կասկածի տակ դնելն արհամարհանք է հասարակության նկատմամբ»:

Այս հայտարարություններից հետո Արցախի իշխանությունների, ինչպես նաև մտավորականության կողմից ոչ պատշաճ արձագանքը, ըստ Խանումյանի, պայմանավորված է նրանով, որ Արցախում սովոր չեն հրապարակային արձագանքելու.

«Սոցցանցերում բուռն արձագանքներ կան, տարբեր հարթակներում արձագանքներ կան, և դրանք շատ են»:

Ավելին
Back to top button
Close