Նորություններ

«Անակնկալի չեմ եկել, այդ նույն մարդիկ տարիների ընթացքում բացահայտ արդարացրել են Քոչարյանի բոլոր ապօրինությունները և նաև օգտվել են նրա ընձեռած կերակրատաշտից». Ս. Սաֆարյան

Երեկ դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը, որը ներկայացրել էին Քոչարյանի պաշտպանները, ուստի Աննա Դանիբեկյանը կշարունակի վարել Մարտի 1-ի գործով դատավարությունը։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ դատավորն ինքնաբացարկի որևէ հիմք չուներ, որպեսզի ինքնաբացարկ հայտներ, նրա նկատմամբ որևէ հանրային կասկած առկա չէր, բացի փաստաբանների ցանկությունից, ի տարբերություն Դավիթ Գրիգորյանի, որը հենց իր կայացրած որոշումներով ցույց տվեց, որ քաղաքական խաղերի մաս է և արդարադատություն չի իրականացնում:

«Այս կապակցությամբ, գիտեք, ուղղակի միայն պիտակավորում տալը բավարար չէ փաստաբանի կողմից, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի, որովհետև Քոչարյանի պաշտպաններն ակնհայտորեն չեն էլ թաքցրել, որ իրենք գտնում են, որ իրենց պաշտպանյալը հետապնդման ենթակա չէ, այսինքն իրենք ընդհանրապես պետք է պահանջեն, որ որևէ դատավոր չքննի: Եթե իրենք մինչև հիմա հայտարարել են, որ այն, ինչ իրենց պաշտպանյալն արել է, եղել է սահմանադրական, ինչն այդպես չէ, եթե մինչև հիմա գտնում են, որ իրենց պաշտպանյալին քրեական հետապնդում ենթարկելու հիմքեր չկան, ու հղում էին կատարում Սահմանադրական դատարանին, ինչո՞ւ են դատավոր ուզում, որ ի՞նչ անի. Դավիթ Գրիգորյանը լավն է, Աննա Դանիբեկյանը վատն է»:

Սաֆարյանի խոսքերով՝ ճիշտ էր, որ Աննա Դանիբեկյանի անվտանգության համար միջոցներ ձեռնարկվեր, որը և արվեց պետության կողմից:

«Ակնհայտորեն Քոչարյանի ընտանիքը համախոհ էր հանցագործների հետ: Քոչարյանի որդին բացահայտ հովանավորչության տակ վերցրեց խուլիգանություն կատարած անձանց, և այս կտրվածքով իհարկե լավ էր, որ պետությունը շատ կտրուկ և համարժեք գործողությունների դիմեց՝ ձերբակալելով նախկինում նարկոբիզնեսի մեջ մեղադրված անձին»:

Անդրադառնալով նաև ի պաշտպանություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հասարակական, քաղաքական գործիչների նախաձեռնած ստորագրահավաքին՝ քաղաքագետը նշեց, որ անունների մեծ մասի համար անակնկալի չի եկել, այդ նույն մարդիկ տարիների ընթացքում բացահայտ արդարացրել են Ռոբերտ Քոչարյանի բոլոր ապօրինությունները և նաև օգտվել են նրա ընձեռած կերակրատաշտից:

«Տեքստը զազրելի էր, անկեղծ ասած, լիքը ազգանուններ տեսնելուց զարմացած չեմ, թե ինչու են այդ անուններն այդտեղ, բայց որոշ ազգանունների համար շատ ցավում եմ, որովհետև բացարձակապես մտավորական ստատուս ունեցող մարդուն որևէ ձևով պատիվ չի բերում նման տեքստի տակ ստորագրություն թողնելը»,- հավելեց Ստյոպա Սաֆարյանը:

Ավելին
Back to top button
Close