ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

10 հազարով երկիր պղծողները և Մարտի 1-ին բանդաներով մասնակցող օլիգարխները ինչո՞ւ են անպատիժ

Իշխանությունը չի գնում իրավական ճանապարհով ՍԴ ճգնաժամը հարթելու համար: Այս կարծիքին է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ավելին, Նորիկյանը համոզված է, որ այս ամենը փոխկապակցված է Մարտի մեկի գործով ու Քոչարյանի փաստով, այլապես իշխանությունը չէր հիշի, որ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանությունների փաստաբանն է:

«Այս ամենի մեջ ինձ մի բան է անհանգստացնում, որ գործընթացն ու խորհրդարանը չարժեզրկվի»,- ասում է Նորիկյանը՝ վստահ լինելով, որ «Իմ քայլը» չգիտի, թե որն է լինելու իր հաջորդ քայլը, երբ ՍԴ ոչ լեգիտիմ անդամները չընդունեն իշխանությանը ցանկալի որոշում Հրայր Թովմասյանի վերաբերյալ:

«Շան գլուխը թաքնված է ոչ թե Հրայր Թովմասյանի գործունեությամբ ՍԴ-ում, այլ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հետևանքն է Մարտի մեկի վարույթի և պայմանավորված է Քոչարյանի գործոնով: Եթե չլիներ Քոչարյանի գործոնը, չեմ կարծում, որ ՍԴ-ն կդառնար այդպիսի կարևոր մարմին, որի լիկվիդացմանը կգնար իշխանությունը»:

Փաստաբանը միանշանակ համոզված է, որ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա և պատժվի, բայց ըստ նրա՝ կարևորն այն է, որ այս խնդիրը չլուծենք այնպես, որ առաջանա մեկ այլ խնդիր: Ըստ նրա՝ իշխանությունը պետք է գնա երկրում օրինականության հաստատման՝ չառաջնորդվելով քաղաքական ճաշակով և պահի թելադրանքով:

«Երկրում չպիտի լինի մարդ, որը դուրս մնա օրինականության վերականգնման գործընթացից: Ուստի այս ընտրովի մոտեցումը կարող է հետագայում շատ լուրջ վնաս հասցնել: Այս երկրում շարունակում են մնալ մարդիկ, որոնց արդարադատության ձեռքը դեռ չի հասել, օրինակ տարիներ շարունակ ասվել է, որ Մարտի մեկի գործով առանցքային դերակատարում են ունեցել օլիգարխները, իրենց զինված թիկնազորը, որոնք դարձել էին բանդաներ, զոնտիկ բռնող օլիգարխները: Այս մարդկանց արարքներին երբևէ և մինչ օրս էլ նոր իշխանության պայմաններում իրավական գնահատական չի տրվել: Այս երկրի ողբերգությունը եղել է ընտրական իրավունքի հանցագործությունը: 100 հազարավոր մարդկանց պղծել են 10 հազար դրամով, իշխանությունը վերցրել են փողի միջոցով, ապականել քաղաքական համակարգը: Հիմա ցույց տվեք այդպիսի մի օլիգարխի, թաղային հեղինակության ու խուժանի, որ ենթարկվել է քրեական պատասխանատվության»:

Ավելին
Back to top button
Close