Նորություններ

Շուշիում ամփոփվել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունափոշու մի մասը

Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում այսօր ամփոփվել է ռուս հայտնի գրող, դրամատուրգ, հայագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունափոշու մի մասը:

Բակշին կտակում գրել էր, որ իր աճյունափոշին շաղ տան Գառնիի կիրճում և Շուշիում: Մեծանուն գրողը մահացել է ընթացիկ տարվա մարտի 5-ին, Մոսկվայում:
Աճյունափոշու տեղափոխումը կյանքի է կոչվել Ռուսաստանի հայերի միության ջանքերով: Այսօր էլ միության անդամները փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի, ԱՀ Նախագահի խորհրդական, Կիմ Բակշիի ընկեր Գրիգորի Գաբրիելյանցի և շուշեցիների ուղեկցությամբ մասնակցել են արարողությանը, հարգել մեծանուն գրողի հիշատակը:
Նրանք բարձր են գնահատել Կիմ Բակշիի դերը` ընդգծելով, որ գրողն առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայերի հանդեպ, հատկապես` արցախցիների, որոնց ազնվությունից, հյուրասիրությունից ու յուրօրինակ ջերմությունից տպավորված գրեց իր աշխատությունները:
Շուրջ չորս տասնամյակ Բակշին կապված էր Հայաստանի հետ. նրա գրչին են պատկանում Հայաստանի պատմության ու ավանդույթներին նվիրված «Արծիվն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից` սիրո մասին» և բազմաթիվ այլ գրքեր ու հրապարակումներ:
Հատկապես հայտնի է նրա և Հովիկ Հախվերդյանի «Մատենադարան» ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի և հայերի մասին: «Սերը բացատրություն չի պահանջում, ես սիրեցի Հայաստանը և հայերին, ու այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին»,- ասել էր Բակշին:
Ավելին
Back to top button
Close