Նորություններ

«Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ընդառաջ.

Հարգելի հյուրեր,
Հարգելի բանախոսներ և հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում: Հույս ունեմ, որ հաջորդ երեք օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք վայելելու այն ամենն ինչ Ձեզ կառաջարկի Երևանը:

Հպարտությամբ տեղեկացա, որ «WCIT»-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ է տեղի ունենում այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը ներկայացնում է համաշխարհային ՏՀՏ համայնքի 90%-ը և հաճախ ազդում է միջազգային հանրային քաղաքականության վրա:

Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը:

Նորարարությունը և նախաձեռնողականությունը պատմականորեն եղել են հայկական ինքնության առանցքը: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը տվել է գիտնականներ, ճարտարագետներ և գյուտարարներ, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարդկության զարգացման և կենսամակարդակի բարձրացման գործում: Որպես խորհրդային հանրապետություն՝ Հայաստանը նպաստել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, ինչի շնորհիվ երկիրը կոչել են «Խորհրդային միության Սիլիկոնյան հովիտ»:

Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը ՏՀՏ-ն հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ՝ մշակելով այնպիսի օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին և կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։ ՏՏ-ն իմ կառավարության մշակած տեսլականի հիմքն է։

Հայաստանը համաշխարհային մակարդակով առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու համար մենք պատրաստվում ենք բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։
Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ։ Հայաստանի տեխնոլոգիական ներուժը տեսանելի է տեխնոլոգիական էկոհամակարգում՝ թե՛ տեխնոհսկաների, թե՛ նորարարական ստարտափների շրջանում։

Որպեսզի ամրապնդենք Հայաստանի տեխնոլոգիական առավելությունն ապագայում, մենք կբազմապատկենք կրթական և ինստիտուցիոնալ ենթաառուցվածքների խթանմանն ուղղված մեր ջանքերը՝ բավարարելու դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջները։ Սա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին թույլ կտա գործել Հայաստանում՝ օգտվելով հայկական սփյուռքի կապերի լայն ցանցից և հսկայական ռեսուրսներից։

Որպես «WCIT 2019»-ը հյուրընկալող երկիր, Հայաստանը կապահովի արժեքավոր միջավայր աշխարհի առաջատար մտավորականների, բիզնես առաջնորդների և քաղաքական գործիչների համար՝ քննարկելու տեխնոլոգիաների ապագային առնչտղ մի շարք հրատապ հարցեր, որոնք կարող են սոցիալական, տնտեսական և քաղաքական հեռահար հետևանքներ ունենալ ամբողջ մարդկության համար։

Համոզված եմ, որ Հայաստանը պատվով կիրականացի իր ստանձնած դերը։

Անհամբերությամբ սպասում եմ ձեզ Հայաստանում։

Ավելին
Back to top button
Close