Նորություններ

Նոր մանրամասներ Վանաձորի աղմկահարույց սպանությունից. կասկածյալը նախկինում եղել է դատապարտված և դեպքից հետո մեղայականով ներկայացել է իրավապահներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Անա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քնչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Զորի Բաբայանի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Հակոբ Գրիգորյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ այսօր Վանաձորում աղմկահարույց սպանությունների մեջ հենց նա է կասկածվում, ով էլ հանցագործությունը կատարելուց հետո, երբ տեսել է, որ ոստիկանները րոպեների ընթացքում ժամանել են դեպքի վայր, մոտեցել է նրանց, և երբ համոզվել է, որ ոստիկանության ծառայողներ են, հայտնել է, որ ինքն է սպանել նշված անձանց, ինչից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Լոռու մարզային վարչություն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե Վանաձորի ոստիկաններն ու Վանաձորի հիվանդանոցի բժիշկները օպերատիվորեն չժամանեին, և հենց նրանք են բոլոր վիրավորներին շտապ տեղափոխել հիվանդանոց, որոնցից 4-ի կյանքը Վանաձորի բժիշկները կարողացել են փրկել, իսկ մեկն էլ տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալ Հ. Գրիգորյանը նախկինում 2 անգամ թմրամոլության համար դատապարտված է եղել, և բուժման նպատակով օրինական թմրամիջոց ստանալիս է եղել: Իսկ մահացածների և վիրավորների մեջ նույնպես կան նախկինում դատապարտվածներ, և նրանցից մի քանիսը Հ. Գրիգորյանից թմրամիջոց են ուզել, սակայն վերջինս հրաժարվել է տալ, ինչին պատասխան է լսել, որ կամ «մեզ նարկոտիկով կապահովես, կամ հարազատիդ կբռնաբարենք»: Եվ սպանության օրը, երբ հավաքվել են Հ. Գրիգորյանի տանը, որտեղ միշտ հավաքատեղի է եղել, Հ. Գրիգորյանը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել:

Այսօր Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են նաև ինքնաձիգ: Քննչական խմբի ղեկավարը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Գրիգորյանի նկատմաբ, և եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, Հ. Գրիգորյանը տեղափոխվելու է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժնի պետեր Արթուր Մկրտչյանի, Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրի զննություն են կատարել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տարոն Թադևոսյանը, Զորի Բաբայանը, հատկապես կարևոր գործերով քննիչներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Մանուչարյանը, ավագ քննիչ Գարիկ Վերմիշյանը, քննիչ Վահան Այվազյանը: Վերջիններս փորձաքրեագետների հետ մանրամասն տեղազննություն են կատարել: Տան մեջ հայտնաբերվել են հրազենից արձակված գնդակներ, գաղտնի փականով դանակներ, ներարկիչներ, բջջային հեռախոսներ, թմրանյութերի նմանվող իրեր:

Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Նախամուտքում և սենյակներում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է:

Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր: Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը:

 shamshyan.com

Ավելին
Back to top button
Close