Նորություններ

Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

1.«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն ՊԵԿ-ին ապրանք չի մատակարարում

Շաբաթվա սկզբին՝ հոկտեմբերի 1-ին, ԶԼՄ-ներով տարածվել էր մի հոդված, որում նշված էր, թե Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին պաշտոնի բարձրացում է ստացել և նշանակվել ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ Գեղամ Վանունին զբաղվում էր բիզնեսով, իսկ նրա հիմնադրած «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն ապրանք էր մատակարարում ՊԵԿ-ին։

Այս տեղեկությունը կեղծ էր մի քանի պատճառներով. նախ Գեղամ Վանունին ՊԵԿ համակարգ է ընդունվել 2019 թվականի ապրիլի 11-ին` որպես Արևելյան մաքսատուն-վարչության Բարգարատաշենի մաքսային կետ բաժնի պետ և, պետական պաշտոնի անցնելիս, իր հիմնադրած ընկերությունը՝ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն, հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչը նշանակում է, որ այդ ՍՊԸ-ի լիազորություններն այժմ իրեն չեն պատկանում: Բացի դրանից, վերոնշյալ ընկերությունը ՊԵԿ-ին վերջին անգամ ապրանք է մատակարարել 2017 թվականին: Ինչ վերաբերում է պաշտոնի առաջխաղացմանը՝ ՊԵԿ-ը հայտնեց, որ Գեղամ Վանունիի նոր նշանակումը չի համարվում պաշտոնի առաջխաղացում, քանի որ նա բաժնի պետի հաստիքից տեղափոխվել է բաժնի պետի հաստիքի:

Առավել մանրամասն՝ այստեղ։

2. Հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չէր կատարել 

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությանը, թե իբր հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել։

Տեղեկությունը, թե իբր եղել է խոշոր տրամաչափի զենքերով ինտենսիվ հրետակոծություն, Հովհաննիսյանը նույնպես անվանել էր ապատեղեկատվություն։

 3. Մանիպուլյատիվ տեղեկություններ ՊԵԿ նախկին աշխատակցի 3-4 մլն պարգևատրում ստանալու մասին

«Ժամանակ» օրաթերթը հոկտեմբերի 2-ին նյութ էր հրապարակել, որտեղ, անդրադառնալով Ասատուր Վարդանյանին՝ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատելու մասին հրամանին, նշել էր, թե «նա վերջնահաշվարկից բացի ևս 3-4 միլիոն դրամ պարգևատրում է ստանալու»։

Հրապարակման առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել էր, որ, Ասատուր Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, կատարվել է վերջնահաշվարկ` չօգտագործված արձակուրդի 149 աշխատանքային օրվա համար, և տրվել է արձակման նպաստ՝ 1 ամսվա միջին աշխատավարձի չափով: Գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

4. Արցախ այցելելու համար Ուկրաինայում քրեական պատասխանատվության չեն ենթարկում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն էր տարածել Արցախ, Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների կարգի մասին։ Կիևը զգուշացրել էր իր քաղաքացիներին, հիշյալ տարածքներ այցելելիս, առաջնորդվել Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ։ «Այդ օրենսդրության խախտումը ենթադրում է վարչական և քրեական պատասխանատվություն», — մասնավորապես ասված էր Ուկրաինայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Տարածված հայտարարությունը շփոթություն էր առաջացրել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ ընթերցողների շրջանում։ Մասնավորապես՝ կարծիք էր ստեղծվել, թե Ուկրաինան արգելել է իր քաղաքացիներին Արցախ այցելել՝ վարչական / քրեական պատասխանատվության սպառնալիքով։

Արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությանը, այլ ոչ թե Ուկրաինայի։ Արցախ այցելելու համար Ուկրաինայի քաղաքացիներին այդ երկրի օրենսդրությամբ վարչական կամ քրեական պատասխանատվություն չի սպառնում։

5. Վալերիյ Օսիպյանը չի հրաժարվել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից 

Հոկտեմբերի 3-ին մամուլում լուրեր էին հայտնվել այն մասին, թե ՀՀ նախկին ոստիկանապետ, վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված Վալերիյ Օսիպյանը պատրաստվում է  հրաժարվել խորհրդականի պաշտոնից։  Որոշ լրատվականների պնդմամբ էլ՝ Օսիպյանն արդեն ստորագրել էր ազատման դիմումը։

Լուրերի տարածման հաջորդ օրը Վալերիյ Օսիպյանը, արձագանքելով լրատվամիջոցին, հերքեց լուրը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

6. Հայաստանը չի ծրագրում 250 միլիոն դոլար վարկ վերցնել

Հայաստանը չի ծրագրում 250 միլիոն դոլար վարկ վերցնել, այդ տեղեկությունները սուտ են։ Այս մասին հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը` մեկնաբանելով հոկտեմբերի 3-ին թերթերից մեկում տեղ գտած տեղեկությունը։

Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Կառավարությունը առաջիկայում նախատեսում է վարկային նոր համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար: Հոդվածում ասվում էր նաև, թե այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

7. Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը պայմանավորված չէր պատվաստմամբ

Հոկտեմբերի 3-ին  մամուլում հայտնված «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Արաբկիր» բժշկական կենրոտոնը հերքում է, թե երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում, ըստ բժիշկների՝ նման կարծիքի հանգել է ընտանիքը։ Իսկ իրականում երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ։

Հիշյալ հոդվածում տեղ գտած պարբերությունը, թե իբր ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում կամ  երիկամները չեն գործում» ևս իրականության հետ որևէ աղերս չուներ։ Հիվանդանոցում բժշկական օգնություն են ստանում բազմաթիվ երեխաներ, բայց նրանց մոտ հետպատվաստումային կարգավիճակ չկա։

Հավելենք նաև, որ երեխան տեղափոխվել էր ոչ թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», այլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

8. Նախքան ԱՄՆ մեկնելը՝ վարչապետը դեսպանների հետ որևէ հանդիպում չի ունեցել

Հոկտեմբերի 4-ին մամուլը գրեց, թե, մինչև ԱՄՆ մեկնելը, Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել «ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ» և մեղադրել նրանց ներդրումների ծավալների նվազման ու անգործության մեջ ։

Նյութում ասվում էր նաև, թե վարչապետը դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։

Արտաքին գործերի նախարարությունը հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով, որ

ԱԳՆ-ում, մինչև ԱՄՆ մեկնելը, Նիկոլ Փաշինյանը նման ձևաչափով և նման բովանդակությամբ որևէ հանդիպում չի անցկացրել։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հավելեց նաև, որ այդ ժամանակահատվածում վերոնշյալ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եղել են իրենց հավատարմագրման երկրներում:

9. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ տարածված տեղեկությունները ճիշտ չեն 

Հոկտեմբերի 4-ին մամուլում հայտնվեց «Քաոս  կալանավայրերում» վերտառությամբ հոդված, որում նշվում էր, թե «քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներից 50-ն արդեն գործազուրկ են, իսկ ազատման դիմումների գլխավոր պարտադրողը ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակված Բագրատ Սայադյանն է»։

Արդարադատության նախարարությունը այս կապակցությամբ հայտնեց, որ սույն թվականի  սեպտեմբերի 24-ից «Քրեակատարողական բժշկության կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրենը Բագրատ Սայադյանը չէ։

Ինչ վերաբերվում է գործազուրկ բժիշկներին՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ 108 ծառայող՝ փաստացի բոլոր ազատվածները, արդեն իսկ ընդունվել են աշխատանքի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Անդրադառնալով բժիշկների որակավորմանը՝ նախարարությունը տեղեկացրել էր, որ ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում աշխատում են բացառապես համապատասխան բժշկական որակավորում ունեցող անձինք, իսկ անասնաբույժի որակվորում ունեցող անձիք կառույցում չկան, ինչպես ասվում էր նյութում։

Պարզաբանման ամբողջական տարբերակը՝ այստեղ։

10. Ուռուցքաբանության ազգային կենտրոնից աշխատակիցը հեռացվել է` պացիենտի հարազատներից 400.000 դրամ պահանջելու համար

Շաբաթվա վերջում  լուրեր տարածվեցին, որ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» ծեծկռտուք է տեղի ունեցել տնօրենի ԺՊ Նարեկ Մանուկյանի և  նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի միջև։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից Գագիկ Համբարձումյանին իրավական հիմքով ազատել էր աշխատանքից։ Վերջինիս որդին՝ Վահագն Համբարձումյանը, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է, որոշել էր «հաշիվ պահանջել» նման որոշման համար և ներխուժել էր տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ է  ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին և փորձել է հարվածել նրան։

Քիչ ուշ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր  մի դիմում, որի հիման վրա էլ Գագիկ Համբարձումյանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։ Դիմումից պարզ էր դառնում, որ Գ.Համբարձումյանը 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, և նշված դիմումի ի հայտ գալուց հետո միայն վերադարձրել այդ գումարը։ Վերջինս ազատվել է աշխատանքից՝ հենց այս խախտման համար։

Ավելին
Back to top button
Close