Նորություններ

Վրաստանում հայերենի ու ադրբեջաներենի ուսուցիչները զրկված են որակավորում ստանալուց

Վրաստանի հայկական ու ադրբեջանական դպրոցների մայրենիի ուսուցիչները դժգոհում են կրթության ոլորտի բարեփոխումներից, ըստ որոնց իրենք զրկվում են որակավորումից, ըստ այդմ նաև բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից։

Երկրի բոլոր հանրային դպրոցների գրեթե բոլոր առարկաների ուսուցիչներն այսուհետ պետք է քննություն հանձնեն ավագ ուսուցչի կարգավիճակի ստանալու համար։ Սա անհրաժեշտություն է, որ որակավորումից զատ աշխատավարձերի զգալի բարձրացում է ենթադրում։ Սակայն այս կարգը չի վերաբերում հայկական ու ադրբեջանական դպրոցների հայոց լեզու և գրականություն ու ադրբեջաներեն լեզու առարկաներ դասավանդող մանկավարժներին։

Օրեր առաջ այս հարցով բաց նամակով Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին դիմած Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան) «Ալիք մեդիային» ասաց․

«Հարցը գումարը չէ, այլ այն, որ մենք՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներս, ամեն ինչ անում ենք մեր լեզուն պահելու համար, մտածում ենք մեր լեզվի բարօրության մասին, որ Սփյուռքում հայերենը չկորչի: Այսպես, եթե շարունակվի մի քանի տարի հետո Վրաստանում այլևս հայկական դպրոց չի լինի, կսկսեն գործել միայն կիրակնօրյա դպրոցներ»։

Ասում է Լյուդմիլա Բադալյանը՝ նկատելով, որ ինքը Հայաստանի ԿԳ նախարարին է դիմել Վրաստանի հայոց լեզվի բոլոր ուսուցիչների անունից, քանի որ բոլորին է մտահոգում հարցը։

«Կազմակերպեք դասընթացներ, քննություններ, մենք էլ սերտիֆիկատացվենք, լիարժեք աշխատենք։ Հույս ունեմ,որ կօգնեք մեզ մեր հայրենանվեր գործը շարունակենք»,-իր նամակում գրել է հայերենի ուսուցչուհին։

«Ալիքի» հետ զրույցում Դամիայի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին նշեց ևս մեկ խնդիր, որ առկա է հայալեզու դպրոցներում։

«Հայոց լեզվի և գրականության դասագրքերը մենք պարզապես հայթայթում ենք: Ես իմ բարեկամներին եմ խնդրում, զանգահարում, որ գրքեր ուղարկեն Հայաստանից», — ասում է Բադալյանը՝ հավելելով, որ դեռ անցած տարի ինքն այս հարցով դիմել է Վրաստանում ՀՀ դեսպանին, երբ վերջինս Մառնեուլիի հայկական գյուղեր կատարած այցի ընթացքում հանդիպել էր Դամիայի բնակիչներին:

Հատկանշական է, որ դասագրքերի հարցը տարիներ շարունակ վերջնական լուծում չի ստանում։ Ի դեպ, ադրբեջանական դպրոցներում պարզվում է դասագրքերի խնդիր չունեն։ Բացի այդ, ինչպես հայերենի ուսուցչուհին նկատեց․«Ասում են, թե օրինակ ադրբեջանական դպրոցների լեզվի և գրականության ուսուցիչներին ադրբեջանական «Սոկար» ընկերությունը հավելյալ վճարում է»:

Մառնեուլիի Սաբիրքենդ գյուղի ադրբեջանական դպրոցի լեզվի և գրականության ուսուցչուհի Թամելա Հասանովան «Ալիքի» հետ զրույցում, սակայն, հերքեց տեղեկատվությունը, թե «Սոկար»-ը որևէ գումար է վճարում իրենց:

Սակայն, նա ևս դժգոհություն հայտնեց կրթական վերջին նորություններից՝ հույս ունենալով միայն, որ մյուս տարի մի գուցե նոր փոփոխություններ լինեն և իրենք էլ մայրենիից քննություն հանձնեն:

Այսպիսով, հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուսուցիչների աշխատավարձերը բարձրացան 150 լարիով: Աշխատավարձի ավելացումը վերաբերվում է կարգավիճակ (ավագ, առաջատար և մենթոր) ունեցող ուսուցիչներին: Հետևաբար նրանց, ինչպես նաև ամբողջ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձը գերազանցելու է 1000 լարին:

Ավելի կոնկրետ, հոկտեմբերի 1-ից ավագ ուսուցիչների աշխատավարձը կկազմի 1011 լարի, առաջատար ուսուցիչների աշխատավարձը՝ 1435 լարի, իսկ մենթորների աշխատավարձը՝ 1745 լարի: Քննություն չհանձնած ուսուցիչները ունեն պրակտիկոս կարգավիճակ, նախարարությունը փորձում է հասնել նրան, որ այդ կարգավիճակով ուսուցիչներ չմնան կրթօջախներում։

Հատկանշական է, որ հայոց լեզու և գրականության ուսուցիչների աշխատավարձը այսօր կազմում է 450-500 լարի:

aliq.ge

Ավելին
Back to top button
Close