Նորություններ

Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ և համագործակցության հսկայական ներուժ. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Սերբիայի Ազգային ժողովում

Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։

Տիկին Գոյկովիչը նշել է, որ Հայաստանի նախագահի այցը համարում են հաջողված երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Ձեր այցը նոր էջ է բացում մեր հարաբերություններում,-ասել է նա։— Տեղեկացանք, որ շատ բովանդակալից հանդիպումներ եք ունեցել, և կարևոր արդյունքներ են արձանագրվել։ Հատկապես նկատի ունեմ երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որն էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը։ Երկու ժողովուրդներն ունեցել են նման ճակատագիր և պետք է կառուցեն համատեղ ապագա, հատկապես կարևոր է, որ երիտասարդ սերունդը միմյանց ավելի լավ ճանաչի»։

Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ խորհրդարանի պատմական շենքը մի վայր է, որտեղ ներկայացված է ժողովրդի ձայնը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս խորհրդարանական հարաբերություններին,- նշել է Հայաստանի նախագահը, -ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը դարձել է խորհրդարանական հանրապետություն, այլև որ մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը։

Մենք ունենք փոխըմբռնման հիանալի մակարդակ, ունենք հսկայական ներուժ, որը կարող ենք իրացնել տնտեսության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: Հոկտեմբերի 25-ին Սերբիան համաձայնագիր է ստորագրում ԵԱՏՄ հետ, ինչն ուրախալի նորություն է և համագործակցության նոր հնարավորություններ է բացում»։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում ընդգծվել է նաև միջխորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սերբիայի պատվիրակությունների համագործակցության կարևորությունը։

Նախագահ Սարգսյանն էական է համարել մշտապես տեղեկատվություն փոխանակելն ու դրա շնորհիվ միմյանց ավելի լավ ճանաչելն ու հասկանալը:

Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում Երևանում կկայանա հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի՝ որպես մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և սերբական Նովի Սադի՝ քույր քաղաքներ հռչակելը։

Ավելին
Back to top button
Close