Նորություններ

Ցոլակյանը տեղեկացրել է, որ քննարկվում է համակարգի աշխատակիցներին պետական ծրագրով Երևանում բնակարաններ հատկացնելու հնարավորությունը

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը նպատակ ուներ ամփոփել նախարար Ցոլակյանի պաշտոնավարման մեկ տարին:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում առաջնորդվել է բացառապես ԱԻՆ համակարգի, աշխատակիցների, ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերով:

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից սպասարկվել է 1 404 731 զանգ, որի արդյունքում ԱԻՆ ստորաբաժանումներն իրականացրել են 22 516 ելք՝ նախորդ տարվա 18 522-ի համեմատ:

2019 թվականի ընթացքում գրանցվել է 8509 հրդեհի դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3031-ով:

Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուծվել են համակարգի առջև ծառացած անլուծելի թվացող մի շարք խնդիրներ:

Հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը և հասնել նրան, որ հանրապետության՝ անգամ ամենածայրամասային հրշեջ-փրկարարական ջոկատները ստանում են օրենքով հասանելիք վառելիքը ամբողջ ծավալով, և մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը նախարարությունն ապահովված է վառելիքաքսուքային անհրաժեշտ նյութերով:

Վերջնականապես լուծվել է փրկարար ծառայողների համազգեստի հարցը: Փրկարարներն օրենքով սահմանված կարգով, տարեկան երկու անգամ ստանում են նոր, որակյալ և ավելի մատչելի գնով ձեռք բերված համազգեստ: Հաջողվել է ձեռք բերել և անձնակազմին հանդերձավորել 3-րդ տիպի համազգեստով:

Կառավարության աջակցությամբ հաջողվել է պետական բյուջեից գումար ուղղել հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգմանը, ինչը կբարելավի փրկարարների աշխատանքային պայմանները: Վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն: Հետևողական աշխատանքի արդյունքում արդեն օրեր անց համակարգում չեն լինի անսարք հրշեջ-փրկարարական մեքենաներ:

Կառավարության աջակցությամբ որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ից կտրուկ բարձրացնել փրկարարների և հատկապես կրտսեր անձնակազմի աշխատավարձերը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ քննարկվում է համակարգի աշխատակիցներին պետական ծրագրով Երևան քաղաքում բնակարաններ հատկացնելու հնարավորությունը:

Նախարար Ցոլակյանը վարչապետին և կառավարությանը շնորհակալություն հայտնեց աջակցության և համատեղ աշխատանքի համար:

ԱԻ նախարարը շեշտեց, որ ԱԻՆ-ը կարևորագույն գերատեսչություններից է, որը հոգատար վերաբերմունքի կարիք ունի:

«Վստահ եմ, որ հետագայում մեզ հաջողվելու է էլ ավելի բարձրացնել համակարգի վարկանիշը»,- նշեց նախարար Ցոլակյանը:

Նախարարը նկատեց նաև, որ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, և պետք է գնալ դրանց լուծման ճանապարհով:

«Ես մի անգամ ասել եմ, որ անջիգյար փրկարարը իսկական փրկարարի կողքին անելիք չունի, և շուտով, կառուցվածքային փոփոխությունների ընթացքում, մենք ազատվելու ենք նմանօրինակ աշխատակիցներից»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարության մեկ տարվա գործունեությունն ամփոփելուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին:

Back to top button
Close