ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ի՞նչն է ազդում բենզինի ներմուծման գների վրա. պարզաբանում է ՏՄՊՀ նախագահը

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, կառավարության այսօրվա նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրեց, որ ՏՄՊՀ-ն արդեն 3 ամիս է՝ ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում, բայց սա կապ չունի բենզինի գնի նվազման հետ, շուկայական մրցակցության արդյունք է:

Վերջինս տեղեկացրեց, որ բենզինի ներմուծման գների վրա ազդում են միջազգային գները, մեր հիմնական աղբյուրը համարվում է Ռուսաստանը, որտեղից որոշակի քանակի ներկրումները հայ–ռուսական համաձայնագրով ազատված են մաքսատուրքերից, երկրորդ գործոնը, ըստ Գևորգյանի, տրանսպորտային ծախսերն են:

Վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանի քվոտավորված բենզինի տարեկան ծավալը կազմում է 150,000 տոննա և բաշխվում է ՀՀ երեք հիմնական ներկրողների միջև։

Գևորգյանի խոսքերով՝ մենք բենզինը ձեռք ենք բերում մի սուբյեկտից, բնականաբար այստեղ գներն էլ պետք է լինեն համահունչ, երբ սկսենք ներկրել Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից կամ այլ երկրից, կունենանք նաև գների տարբերակում։

Ինչ վերաբերում է շաքարավազի շուկային, Գևորգյանն ասաց, որ տվյալ ապրանքատեսակի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։

«Ուրախալի լուրն այն է, որ նաև հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ»։

Կոնյակի շուկայի մասին Գևորգյանն ասաց, որ այստեղ խոսքը գնում է անբարեխիղճ մրցակցության մասին.

«Հայկական կոնյակը պետք է պահպանի ստանդարտները՝ լինի հայկական խաղողից։ Դա նորություն չէ, դա օրենքի պահանջ է։ Հիմա մենք ստուգումներ ենք իրականացնելու և՛ մթերումների, և՛ խմորումների ցանցում, ու եթե պարզեցինք, որ թվերում կան անհամապատասխանություններ, ռիսկային օբյեկտներում ստուգումներ ենք անելու»,– ասաց Գևորգյանը։

Ավելին
Back to top button
Close