Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ստեփանակերտում կայացել է հանդիպում սփյուռքահայ գրող Վահան Զանոյանի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ «Արմատներ» կենսակենտրոնում կազմակերպվել է հանդիպում սփյուռքահայ գրող, գլոբալ էներգետիկայի ոլորտի փորձագետ, ճանապարհորդ Վահան Զանոյանի հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանիպմանը Վահան Զանոյանն անդրադարձել է գրականությանն ու նավթին:Նրա խոսքով չկա աշխարհում մի երկիր, որ նավթի եկամուտներով հաղթի որևէ պատերազմում:
«Նավթով հարուստ երկրները պատերազմի ժամանակ միշտ կրում են ահռելի կորուստներ: Տնտեսական զարգացում չի կարող ապրել այն երկիրը, որն ապավինում է միայն նավթի եկամուտներին: Նավթն անեծք է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն ու Արցախը նավթ չունեն և երբեք իրենց ճնշված չեն զգա, որի համար շնորհակալ ենք Աստծուն»,-մասնավորապես ասել է նա:
Անդրադառնալով գրականությանը՝ գրողը նշել է, որ ստեղծագործել սկսել է երիտասարդ տարիքից և առաջին ստեղծագործությունները տպագրել է լիբանանյան ամսագրերից մեկում:
«Սկզբնական շրջանում գրում էի միայն բանաստեղծություններ:Բանաստեղծական իմ առաջին ժողովածուն՝«Վերադարձ» վերնագրով հրատարակվել է արևմտահայերեն և արևելահայերեն լեզուներով, երկրորդ՝ «Եզրեն դուրս» ժողովածուն՝ միայն արևմտահայերեն: Ինձ համար երկու լեզուներն էլ հոյակապ են և չի կարելի անտեսել դրանցից որևէ մեկը: Արևմտահայ գրականությունն այնպիսի գոհարներ ունի, որ խորհուրդ կտայի անպայման ուսումնասիրել: Այնուհետև հրատարակել եմ պատմվածքներ, որտեղ անդրադարձել եմ սեռական թրաֆիքինգին: Այն անընդունելի մարդկային աղետ է և ուրախալի է այն փաստը, որ այժմ աշխարհում բավականին քիչ նման երևույթներ կան: Վերջերս ավարտել եմ «Հայաստանի և Արցախի գինու վերածննդի պատմությունը» գիրքը, որը շուտով կհանձնեմ  ընթերցողիս դատին: Ինձ համար  գինին ծնվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում՝ Վայոց Ձորում, և ես կարող եմ վստահ ասել, որ միջազգային չափանիշներին համապատասխան գինի ունենք»,-մասնավորապես ասել է նա:
Հանդիպման վերջում Վահան Զանոյանը շնորհակալություն է հայտնել «Թուֆենկյան» հիմնադրամին՝ հանդիպումը կազմակերպելու համար:
Ավելին
Back to top button
Close