ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Մարտի 1-ի գործով վկաների պաշտպանությանն այս սպանությունից կամ ինքնասպանությունից հետո պետք է ավելի լուրջ մոտենալ». Գ. Գորգիսյան

«Համենայն դեպս հիմա գոնե Մարտի 1-ով վստահ կարող ենք ասել, որ իշխանությունը շահագրգռված է, որպեսզի այն բացահայտվի և համապատասխան մեղավորները պատժվեն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործի շուրջ ծավալվող նոր իրադարձություններին:

Դիտարկմանը, որ Մարտի 1-ի գործով վկա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը կապվեց գործի քննության հետ, պատգամավորը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ Մարտի 1-ով կան մի քանի կարևոր վկաներ, և նրանց պաշտպանությանը համենայն դեպս այս սպանությունից կամ ինքնասպանությունից հետո պետք է ավելի լուրջ մոտենալ, որովհետև ցանկացած գործում եթե գլխավոր վկաներին ինչ-որ բան պատահի, կարող է ձախողվել, և սա ահազանգ էր, որպեսզի պատկան մարմինները սկսեն ավելի լուրջ մոտենալ այդ ինստիտուտին»:

Անդրադառնալով հայտնի պաշտոնանկություններին, նաև նրան, որ այն կապվում էր դավադրության վտանգի, նաև ռևանշի հետ, Գորգիսյանն ընդգծեց, որ որևէ կերպ չի տեսնում նախկին իշխանությունների վերադարձի հնարավորությունը:

«Մարդիկ կարող էին արդեն մոռացած լինել նախկինների գոյությունն առհասարակ, բայց իշխանություններն անընդհատ բզբզում են, ինչ-որ կերպ հիշեցնում են նրանց մասին՝ դրանով նրանց դերը և կշիռն ավելացնելով»:

 

 

Ավելին
Back to top button
Close