Նորություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է դեսպան Ժոնաթան Լաքոտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա կառավարման օրոք հայ-ֆրանսիական հարաբերություններն աննախադեպ վերելք են ապրել։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր խոսքում կարևորել է Հայաստանում ֆրանսիական դպրոցի դերը՝ փոքր-ինչ ձևափոխելով Շառլ Ազնավուրի հայտնի արտահայտություններից մեկը և նշելով, որ դպրոցը պետք է լինի 100%-ով հայկական և 100%-ով՝ ֆրանսիական։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման և այնտեղ նոր ծրագրերի իրականացման հարցը, ինչպես նաև «ԵՄ-ն՝ նորարարությունների համար» ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ-ի ծրագրի և Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության ուղղությունները։ Հիշեցնենք, որ այդ ծրագրի նպատակը բարձրագույն կրթության համար ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումն է, որի ենթակառուցվածքներն օգտագործվելու են տարբեր բուհերի ուսանողների կողմից իրենց գիտական և փորձարարական ծրագրերի իրականացման նպատակով։

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև նախարարի՝ առաջիկայում սպասվող այցը Փարիզ և այնտեղ նախատեսվող հանդիպումների օրակարգը։

Back to top button
Close