Նորություններ

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Պուտինի, Ռոհանիի, Ժոմարտ-Տոկաեւի եւ Դոդոնի հետ

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստից բացի, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի միջեւ, ՀՀ վարչապետի եւ Մոլդովայի նախագահի միջեւ, ՀՀ վարչապետի եւ Ղազախստանի նախագահի միջեւ եւ ՀՀ վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջեւ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Հայկական ժամանակ»-ին սպասվող նիստից առաջ մի շարք մանրամասներ հայտնի դարձան: Նիստին մասնակցող բոլոր երկրների ղեկավարները, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, այսօր ժամանելու են Երեւան: Վլադիմիր Պուտինը Երեւան կժամանի վաղը:

Նիստը տեղի է ունենալու վաղը Բաղրամյան 26-ում՝ ժամը 11:00-ին: Նիստից հետո տեղի է ունենալու համատեղ լուսանկարահանում: Թումո կենտրոնում ժամը 17:00-ին նախատեսված է միջոցառում, որի ժամանակ ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ժամը 18:20-ին նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ վարչապետի մասնակցությամբ:

Նշենք, որ նիստին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Ավելին
Back to top button
Close