Նորություններ

Օրենքով կսահմանափակվի զվարճանքի և ժամանցի որոշ հաստատությունների գործունեությունը մայրաքաղաքում

Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով սեպտեմբերի 26-ից կսահմանափակվի զվարճանքիև ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում սնկի պես աճող այդ հաստատությունները տասնամյակներ շարունակ քաղաքի բնակիչների համար իսկական գլխացավանք էին դարձել: «Ուսումնասիրել ենք երկար տարիների ընթացքում բնակիչների բողոքները, նաև ուսումնասիրել ենք այդ բողոքների հիմքերը, և պարզվել է, որ շատ հաճախ մասնավորապես զվարճանքի օբյեկտները գիշերային ժամերին իրենց տեղակայումով, գտնվելով բազմաբնակարան շենքերի տակ, խաթարում են բնակիչների հանգիստը և շատ հաճախ նույնիսկ հանդիսանում քրեածին իրավիճակի պատճառ:

Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ ընդունելու սահմանափակման ենթակա օբյեկտների մասին դրույթը և Ազգային ժողովը 2018թ. սեպտեմբերին ընդունեց սահմանափակման ենթակա օբյեկտներին վերաբերող օրենքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը: Դիսկոտեկներ, կարաոկեներ, հեստապարային ակումբներ ու շոգեբաղնիքներ: Հիմնականում սրանք են այն օբյեկտները, որոնք ընդգրկված են սահմանափակման ենթակա հաստատությունների ցանկում: «Բազմաբնակարան շենքերի տակ կամ դրանց տարածքում, պետական կամ տեղական ինքնակառավարաման մարմինների վարչական շենքերում, բժշկական, կրթական և պատմամշակութային հաստատություններում գտնվող զվարճանքի օբյեկտները օրենքի ուժով դուրս են գալիս տվյալ շինությունների տարածքներից»,-նշում է Հովիկ Սաֆարյանը:

Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում: «Տարբեր դեպքեր են լինում, քանակն իհարկե մեծ է, որը բնակչության դժգոհությունն է առաջացնում: Լինում են և իրավախախտումներ, օրինակ, լռության կանոնների խախտմանն առնչվող, լինում են նաև հանցագործություններ. խուլիգանություններ, մարմնական վնասվածքներ նաև ծանր մարմնական վնասվածք: Այսինքն, նշված հատվածներում տնտեսվարողներն իրենց գործունեությունը ծավալելիս խախտումները և հանցագործությունները ծնող պայմաններ են ստեղծում»,- ասում է ՀՀ ոստիկանության

Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: «Գիշերային օբյեկտներ ենք այցելել և ինքներս համոզվել, որ այդ հաստատություններն աշխատում են օրենքի կոպիտ խախտումով. շատ հաճախ աշխատում են որպես ֆիզիկական անձ՝ չունենալով պետական գրանցում, հարկային օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով»,- ընդգծում է առևտրի և սպասարկումների վարչության պետը: Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին, ի դեպ, առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ:

«Նաև հաշվի ենք առել տնտեսվարողների շահերը, որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից. տրվում է հնարավորություն այդ գործունեությունը ծավալել որոշակի հեռավորության վրա: Մասնավորապես, մեր կողմից նախապատրաստվում է ավագանու որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել 100մ հեռավորության վրա»,- նշում է Հովիկ Սաֆարյանը: Հետևողական պայքարի ու օրենքի խստացման շնորհիվ որոշ օբյեկտներ արդեն իսկ փոխել գործունեության վայրը կամ դադարեցրել գործունեությունը:

Ավելին
Back to top button
Close