ՆորություններՔո ձայնը

Որոշ նախկիններին՝ հիշեցման կարգով․ Արման Բաբաջանյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի կորեական կուրսերը

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սինգապուրի վարչապետի Հայաստան կատարած պաշտոնական այցի առթիվ հիշեցի սինգապուրյան հրաշքի հոր՝ այդ երկրի նախկին վարչապետ, գործող վարչապետի հոր՝ Լի Կվան Յուի խոսքերը, որ նա հնչեցրել էր Հայաստանում տասը տարի առաջ: Նա ասել էր, թե կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետք է մի պարզ բան՝ չգողանան վերևները: Նա հենց այդպես էր նաև ապահովել տնտեսական թռիչքը Սինգապուրում:

Չի կարող երկրում միջին և ստորին օղակներում բարգավաճել կոռուպցիան, եթե վերին օղակը չի հանդուրժում դա: Միաժամանակ չի կարող ստորին և միջին օղակներում չլինել կոռուպցիա, եթե վերին օղակում են նախարարներ, վարչապետ, նախագահ, որոնց կենսակերպը արձանագրելիս տպավորություն է, որ գործ ունենք միլիոնատերերի և միլիարդատերերի հետ:

Ով չի հիշում աղքատ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կորեական կլինիկայում մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ երիտասարդացման կուրսը, երբ երկրում բազում մանուկներ բուժման կարիք ունեին, և նրանց կյանքը գուցե կախված էր այդ բուժումից:

Աղքատ երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը միլիոններ էին հայտարարագրում, նրանց բոլորի հարազատները հաջողակ բիզնեսմեններ էին և ե՛ն, ունեին և ունեն բազում սեփականություններ:

Աղքատ երկրի նախարարները, քաղաքապետերն ու մարզպետները ևս միլիոնատերեր էին ու հիմա ևս միլիոնատեր են, ունեն բազում բիզնեսներ Հայաստանում, ունեն ոլորտներ, որ հիմա էլ փաստացի մենաշնորհված են:

Այս պայմաններում չէր կարող կոռուպցիա չլինել միջին ու ստորին օղակներում, որովհետև այդ կոռուպցիան վերին էշելոնի անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն էր:

Ստորին ու միջին օղակների կոռուպցիան հանդիսանում էր այն պատվանդանը, որի վրա կանգնած էր մնում վերին էշելոնը: Կոռուպցիան ստորին օղակներում դարձել էր մի մեծ սարդոստայն, որով կապված էին բոլորը, և որը հնարավորություն էր տալիս լիովին կառավարել վարչական մեքենան, որը անփոխարինելի էր իշխանության վերարտադրության և կենսագործունեության ապահովման համար»:

Ավելին
Back to top button
Close