Նորություններ

«Սա վերջին 30 տարիներին դատական իշխանության հեղինակությունը պարբերաբար նսեմացնելու հետևանք է». Գ. Գյոզալյան

Հարցազրույց փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:

-Պարոն Գյոզալյան, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր դրսևորվել։ Ձեր գնահատականը կատարվածի վերաբերյալ:

-Ընդհանուր գնահատականս կատարվածին բավականին բացասական է, տվյալ դեպքն արդեն բոլորը չափերն անցնել էր: Չնայած ընդհանուր ֆոնն իհարկե բացասական է դատական համակարգի, մասնավորապես դատավորների նկատմամբ, բայց որ ինչ-որ մեկը հետապնդի դատավորին իր աշխատանքային ժամից դուրս, սա, իհարկե, խիստ դատապարտելի է, և ես ուրախ եմ, որ արձագանքը եղավ համարժեք:

-Ըստ Ձեզ, ինչի՞ հետևանք է կատարվածը:

-Սա վերջին 30 տարիներին դատական իշխանության հեղինակությունը պարբերաբար նսեմացնելու հետևանք է: Իհարկե ես հեռու եմ այն մտքից, որ մենք ունենք շատ լավ դատական համակարգ, և որ մարդիկ դիտավորյալ փորձել են հեղինակազրկել դատական համակարգը, բայց եթե դուք նայեք, վերջին 30 տարիներին բոլոր իշխանությունների ժամանակ իշխող էլիտան հենց ինքը միշտ բացասական վերաբերմունքի է արժանացրել դատական համակարգը, սկսած նրանից, որ ինչ-որ ժողովներ են արել, ասել են, որ այսպես պետք է լինի, վերջացրած նրանով, որ հրապարակային նույն իշխող էլիտան կասկածի տակ է դրել դատական իշխանության հեղինակությունը՝ ասելով, որ այնտեղ կոռումպացված են և այլն: Ընդ որում, բոլոր իշխանությունների ժամանակ նախագահները հնարավորություն են ունեցել այդ համակարգը բարձրացնելու բավարար մակարդակի, սակայն որն այդպես էլ չեն արել՝ թողնելով իրենցից կախյալ:

Պատահական չէ, որ բոլոր նախագահները, ովքեր, օրինակի համար, ունեցել են այդ հնարավորությունը դատական համակարգը կայացնելու, շատ բարձր աստիճան տալու, նրանք բոլորը, այսպես թե այնպես, նույն դատական համակարգի զոհն են դարձել, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, երբ որ ինքը 2008 թվականին մտավ քաղաքական գործունեության մեջ, վերջացրած Ռոբերտ Քոչարյանով և Սերժ Սարգսյանով: Այս 30 տարի համակարգի հեղինակության բացասումը բերել է նրան, որ եթե իշխող էլիտան է այսպես վերաբերվում, ենթադրելի է, որ, պայմանական ասած, ներքևի խավը հայելու էֆեկտով անում է նույնը, այսինքն որևէ մեկը չի հարգում դատական համակարգին:

-Ինչպես և Դուք նշեցիք, այսօր դատական իշխանության հանպեպ վստահության պակաս կա, և կարծեք թե այն հայտնվել է անպաշտպան վիճակում: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իսկապես արդար դատական համակարգ ստեղծելու համար:

-Քայլերը պետք է արվեն շատ լուրջ, շատ զգույշ, պետք չէ ամեն անգամ հրապարակային խոսքերով հանդես գալ, չէ, բավական է: Նախ, առաջինը, պետք է ընտրվեն լավագույնները, այսինքն՝ դատական համակարգից պետք է վերցվի լավագույններին՝ արդարներին, ազատներին, մարդկանց, որոնց հեղինակությունն առհասարակ կասկածի տակ չէ կամ բարձր վարկանիշ ունի, ովքեր պետք է շատ շտապ և էֆեկտիվ սկսեն մաքրել իրենց շարքերը: Եվ այս իշխանությունը պետք է լինի անկախ, ինչպես, օրինակ, Ամերիկայում է, որ ընդհուպ մինչև նախագահի հրամանագրերը կարող են անվավեր ճանաչել: Ես կարծում եմ, որ այս պարագայում հնարավոր է մոտակա 5 տարիների ընթացքում դատական իշխանության հեղինակությունը բարձրացնել, ընդ որում, այն պետք է բոլորին՝ սկսած իշխող էլիտայի ամենավերևի օղակից, վերջացրած հասարակության ամենացածր օղակով:

 

 

Ավելին
Back to top button
Close