Նորություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլայ Իվանի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ:

Ձեր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ Դուք իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում: Ձեր՝ պատասխանատու, իմաստուն պետական գործչի հարուստ փորձը, պրոֆեսիոնալիզմը և լայն գիտելիքները մշտապես ծառայել են ի շահ ռուսաստանյան ժողովրդի:

Հայաստանում Ձեզ ճանաչում և սիրում են ոչ միայն որպես ականավոր քաղաքական գործչի, այլև որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ, ով մեզ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Եվ պատահական չէ, որ աշխատանքի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ներդրման և դժվարին ժամանակներում հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար Դուք իրավամբ արժանացել եք «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը:

Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությունն ուղղված է եղել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը, որի կարևոր հարթակներից մեկը միջխորհրդարանական համագործակցությունն է, որի զարգացման և խորացման գործում դժվար է գերագնահատել Ձեր անձնական դերակատարությունը:

Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանում:

Հարգելի Նիկոլայ Իվանի,

մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մտերիմներին քաջառողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»:

Back to top button