Նորություններ

«Դաժան առերեսում էր սպասվում Ռոբերտ Քոչարյանի և Հայկ Հարությունյանի միջև, որը կանխվեց վերջինիս «ինքնասպանությամբ»». Սաֆարյան

Պարոն Սաֆարյան, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց, նաև հայտարարվեց, որ բավարար ապացույցների արդյունքում՝ Վիգեն Սարգսյանը ևս կներգրավվի որպես մեղադրյալ: Արդյո՞ք իշխանությունների քայլերը հետևանք են այն բանի, որ նախկին իշխանության ներկայացուցիչները բացահայտ վերադասավորվում են:

 — Նախկին իշխանություններն իսկապես վերին աստիճանի աշխուժացել են, և շատ անսովոր բան է, որ նման հեղափոխությունից հետո, երբ նախկին իշխող ուժն իր ամբողջ հիերարխիայով մերժվում է մի ամբողջ ժողովրդի կողմից ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս, հանկարծ այն աստիճան լկտիանում է, որ սկսում է նույնիսկ քաղաքական գնահատական տալ, սպառնալ Նիկոլ Փաշինյանի թիմին, պատասխանատվության կանչել, նաև ակնհայտորեն ֆինանսավորել հակաիշխանական, հակակառավարական արշավներ՝ լուրջ փողեր ներդնելով: Սա նշանակում է, որ իսկապես նրանք արդեն ունեն անպատժելիության խոր զգացողություն և համոզմունք: Ըստ որում, վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ մասամբ նրանք իրենց հույսը կապել էին ԱԱԾ-ի, միգուցե ոստիկանության թույլ հակազդման կամ անգործության կամ միգուցե որոշ շրջանակների հետ համագործակցության հետ, և այս իրավիճակի վրա բավականին լույս են սփռում ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի ու Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճը և մասնավորապես Վանեցյանի տեքստերը:

Փաշինյանը Վանեցյանին Միացյալ Նահանգներից պատասխանելիս հայտնում է դժգոհություն կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից: Սա նշանակում է ակնհայտորեն, որ նախկին իշխանություններին պատասխանատվության դաշտ բերելու հարցում ԱԱԾ նախկին տնօրենը շահագրգռված չի եղել: Չգիտեմ ինչ գործոններով պայմանավորված, բայց նա որոշել է կանգ առնել: Հիմա ինչի՞ արդյունքում է նա այդպես գտել, թե՞ արդյոք ինչ-որ պայմանավորվածություն կար, որը նա չէր կարող խախտել, թե՞ կար ինչ-որ հանձնարարություն այլ տեղից, որ պետք չէ առաջ գնալ. սրանք անպատասխան ու չպարզված հարցեր են, հատկապես երբ որ հիշում ենք իր մտահոգությունները հայտնի հեռախոսազրույցի ժամանակ, բա որ Ռուսաստանը կոշտ պատասխանի… միգուցե ռուսական գործոնն է ստիպում կանգ առնել և նույնը փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

Մի բան ակնհայտ է, որ նրա ազատ արձակվելուց հետո մենք ունենք Ալիկ Սարգսյանի դեմ հարուցված մեղադրանք, որը, ըստ էության, ռադիկալ ազդեցություն է թողնում Մարտի 1-ի դատաքննության վրա, որովհետև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչև այժմ հղում էին անում հենց այն կեղծված ապացույցների վրա, որոնք հենց Ալիկ Սարգսյանի համակարգմամբ կազմվել էին հետին թվով, ապա հասկանալի է դառնում, որ դատավարության ընթացքում շատ այլ իրավիճակներ են ստեղծվում: Այս կտրվածքով Ալիկ Սարգսյանի գործը միջուկային ռումբ է, որովհետև այն զրկում է Քոչարյանի պաշտպանական կողմին այլևս հղում կատարել այնպիսի փաստերի հիման վրա, ինչպիսիք են Գորիկ Հակոբյանի կողմից կազմված զեկուցագրերը: Այսպիսով երեկ Քննչական կոմիտեի կողմից տարածած հողորդագրությունը չափազանց լուրջ է և լուրջ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա:

— Նախնական վարկածով՝ ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Ստացվում է, որ առանցքային կառույցների ղեկավարներից երկուսը՝ Գորիկ Հակոբյանը և Հայկ Հարությունյանը, ողջ չեն, Միքայել Հարությունյանն էլ երկրում չէ: Հնարավո՞ր է՝ Հայկ Հարությունյանի մահը և այս փաստերը դժվարացնեն Մարտի 1-ի բացահայտումը։

— Չեմ ասի, թե փակուղի կստեղծվի, որովհետև նրանք բոլորն արդեն ցուցմունքներ են տվել, և ապացույցներն անհերքելի են, և ըստ էության, եթե նույնիսկ նրանք այլևս ֆիզիկապես չեն կարող գալ դատարան և վկայություններ տալ, միևնույն է, հիմքում դրվելու է նրանց ցուցմունքները: Այս դաշտում Քոչարյանին և իր պաշտպանական թիմին դժվար թե հաջողվի այնպիսի հակադրություն ստեղծել, որ ստեղծի լուրջ իրավիճակ, թե ում ցուցմունքն է արժանահավատ, որովհետև, ըստ էության, և՛ Միքայել Հարությունյանի, և՛ Հայկ Հարությունյանի տված ցուցմունքները լիովին բավարար են ըստ փաստաբանների ապացուցված համարելու այն, որ Մարտի 1-ի գործողությունները, որ ունեցել են սահմանադրական կարգի տապալման նպատակ, իշխանության յուրացման նպատակ և որոնք հանգեցրել են նաև 10 զոհերի, համակարգվել են բարձրագույն մակարդակով: Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ սեպտեմբերի 17-ին չի թաքցրել, որ այդ ամենն ինքը արել է առնվազն 4 անձանց հետ, այնպես որ, Գորիկ Հակոբյանի և Հայկ Հարությունյանի ներկայությունն իհարկե ցանկալի կլիներ, որովհետև դատարանում ի հայտ էր դառնալու, որ նրանց պաշտոնավարման շրջանի հետ կապված փաստաթղթեր են կեղծվել, որոնց պատասխանատվությունը կամ նրանք պիտի ստանձնեին, կամ հերքեին:

Հայկ Հարությունյանը դատարանում կանգնելու էր և հայտարարեր, որ կամ ինքը տեղյակ չի եղել, որպեսզի իրեն ազատեր պատասխանատվությունից, կամ հայտարարեր, որ գործել է ուղիղ Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության ներքո, կամ էլ այդ ամբողջի պատասխանատվությունը վերցներ իր վրա: Հետևաբար ազդեցությունը շատ լուրջ էր լինելու, և Հայկ Հարությունյանն այս ծանրագույն ընտրանքի առաջ էր, և թերևս Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 17-ի ելույթը հնչում էր որպես շանտաժ, որ ես միայնակ չեմ արել, ինչ եք ինձ միայնակ թողել, եկեք և իմ կողքը կանգնեք. ինչո՞ւ են Սերժ Սարգսյանը, Հայկ Հարությունյանը ազատ ման գալիս, և ինչո՞ւ եմ ես կալանքի տակ, որովհետև այն ամենը, ինչ արել եմ, արել եմ բոլորի հետ միասին, և դաժան առերեսում էր սպասվում Ռոբերտ Քոչարյանի և Հայկ Հարությունյանի, որը կանխվեց վերջինիս «ինքնասպանությամբ»:

— Պաշտոնանկությունները, կարծես թե, կապվեցին դավադրության վտանգի հետ, որ իշխանության ներսում ինչ-ինչ խմորումներ են տեղի ունեցել: Ռևանշի վտանգ դուք տեսնո՞ւմ եք:

— Եթե անգամ եղել է նման պլան, ապա նույնիսկ եթե ուժայիններին չազատեր, ապա այդ պլանը տապալված էր ձախողման, որովհետև հեղափոխությունը ոչ փողոցից, ոչ էլ իշխանության ներսից հեռանկար չէր կարող ունենալ Նիկոլ Փաշինյանի բարձր հանրային լեգիտիմության պայմաններում: Եթե նույնիսկ այդպիսի պլաններ եղել են, և այլևս նախկին ուժայինները համաձայնություն են տվել, ապա իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչ կլիներ իրենց ավարտը, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Վանեցյանի խոսքը համեմատում էր պուտչիստների հետ:

Մի բան ակնհայտ է, որ ազատումներն առավելապես կապված էին գոնե այն դժգոհությունների հետ, որոնք ուներ վարչապետն օբյեկտիվորեն, դա «կանգ առ»-ի պահն էր, որի մասին նա ակնարկեց, որ իրենց չեն բավարարել կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը, և բազում կոռուպցիոներներ կարողացել են բարեհաջող հատել սահմանը և հայտնվել Ռուսաստանում կամ այլուր: Այս առումով, թերևս, մենք կարող ենք դա հիմք ընդունել որպես ամենածանրակշիռ պատճառ:

 

Ալինա Սիմոնյան

Back to top button