ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հայկ Հարությունյանը չէր էլ պատրաստվում նախաքննական մարմնին կամ դատարանին ասել այն ճշմարտությունը, որին տիրապետում էր». իրավապաշտպան

«Հայկ Հարությունյանն իհարկե առանցքային վկա էր, նա գիտեր շատ բան, տեղյակ էր շատ բաներից, եղել է Մարտի մեկի ոճրագործության ոչ միայն մասնակից, այլ նաև առանցքային կազմակերպիչներից մեկը»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ընթացքում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքին և առնչությանը Մարտի 1-ի գործին:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ դատելով մամուլում եղած ցուցմունքներից՝ Հայկ Հարությունյանը չէր էլ պատրաստվում նախաքննական մարմնին կամ դատարանին ասել այն ճշմարտությունը, որին տիրապետում էր:

«Բոլոր մասնակիցները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը կրեն, միայն Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվությամբ չի կարելի ասել, թե սահմանադրական կարգի տապալման գործը ավարտին է հասցվում»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ սահմանադրական կարգը տապալել են ամբողջ խմբով, համատեղ երկարատև քննարկումների, մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում.

«Որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, երկու հարյուրից ավելի մարդիկ են վիրավորվել, մարդիկ են հայտնվել կալանավայրերում տարիներով, մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, մարդիկ ունեզրկվել են, Ձեր ԳԱԼԱ-ի օրինակը նույնպես կարելի է այդ համատեքստում դիտարկել, լրատվամիջոցներ են փակվել, ԳԱԼԱ-ն է հետապնդվել»:

Անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը՝ իրավապաշտպանը նշեց.

«Ես կարծում եմ, որ կադրերի ընտրության իրավունք ունեցող մարդը պետք է չափազանց պատասխանատու մոտեցում ցուցաբերի իր ընտրության հարցում: Կարծում եմ՝ ԱԱԾ համակարգում պետք էր նշանակել որքան հնարավոր է այդ համակարգերից հեռու մարդկանց, պետք է լինեն բանիմաց, տրամաբանող մարդիկ, բայց չպետք է լինեն այդ համակարգերի ծնունդը»:

Ավելին
Back to top button
Close