ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Վանեցյանը երևի թե լուրջ է ընդունել, որ ինքը քաղաքական դեմք կարող է լինել». Արթուր Սաքունց

«Վանեցյանը երևի թե լուրջ է ընդունել, որ ինքը քաղաքական դեմք կարող է լինել, և երևի թե հանրային ընկալումները, որը շատ դրական էր իր կերպարի կամ իր՝ որպես ԱԱԾ պետի գործունեության վերաբերյալ, այլ հետևություններ է կատարել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքն է հայտնել Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Դիտարկմանը, որ ըստ էության Վանեցյանը սպառնում է խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու, իրավապաշտպանը պատասխանեց.

«Թող խոսի, չպետք է կիսատ թողնել, և եթե չի խոսում, պետք է ենթադրել, որ դա ինչ-որ սպառնալիք է կամ շանտաժ, հա, թող ասի, իմ համոզմամբ, հասարակությանը թողնել այդպիսի անորոշության մեջ չի կարելի»:

Անդրադառնալով նախնական վարկածով ինքնասպան եղած ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեպքին՝ Արթուր Սաքունցն ընդգծեց, որ նրա նախաքննական ցուցմունքն արդեն հիմք է տալիս կասկածելու, թե ովքեր էին շահագրգռված, որպեսզի նա վկայություն չտա նաև դատարանում:

«Դատաքննության ընթացքում ստիպված պետք է լիներ բավական շատ հարցերի պատասխան տալ, բայց այն, որ նա արդեն իսկ իր նախաքննական ցուցմունքում նշում է, որ զեկուցել է Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված օպերացիայի մասին, դա փաստ է»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայկ Հարությունյանի մահը դժվարացնի Մարտի 1-ի բացահայտումը, Սաքունցը շեշտեց.

«Նյուրնբերգյան դատարավության ժամանակ արդեն չկար ոչ Հիտլերը, ոչ էլ Գեբելսը, բայց դա չխանգարեց Նյուրնբերգյան դատավարությանը»,- ամփոփեց իրավապաշտպանը:

Back to top button