Նորություններ

Հայկ Հարությունյանը բավականին «վտանգավոր» կերպար էր Մարտի 1-ով շահագրգռված պաշտպանական կողմի համար. իրավապաշտպան

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան և Մարտի 1-ի գործի համատեքստում այս դեպքի դիտարկման վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:

— Պաշտոնական նախնական վարկածի համաձայն՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել: Նա Մարտի մեկի գործով առանցքային դերակատարներից էր: Մարտի մեկի գործի բացահայտման ընթացքի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

— Հայկ Հարությունյանը զբաղեցնում էր այնպիսի պաշտոն, որ որևէ վարկած այս պահի դրությամբ բացառել չի կարելի, որովհետև նա նաև այն անձանցից էր, ով պոտենցիալ այնպիսի տվյալներ գիտեր, որոնց մասին դեռևս չէր հայտնել, և նա բավականին «վտանգավոր» կերպար էր Մարտի 1-ով շահագրգռված պաշտպանական կողմի համար: Ցավում եմ, որ նման դեպք տեղի ունեցավ, որովհետև անկախ վերաբերմունքից մարդու կյանքի մասին է խոսքը գնում:

Նինա Կարապետյանց

Ես շատ ափսոսում եմ, որ սա չէին կանխատեսել և պաշտպանության միջոցներ էլ չէին ձեռնարկել, որովհետև նմանատիպ գործերում, որտեղ վկաները հարվածի տակ էին, պետք էր նախապես դրա մասին մտածել: Դեռևս մի քանի ամիս առաջ ասել եմ, որ նախորդ հանցավոր ռեժիմը չի խորշելու, և մենք դեռ շատ աղմկահարույց իրադարձությունների ենք բախվելու: Այդպես էլ եղավ. պարզվեց, որ ԱԱԾ ղեկավարն այնքան էլ հեղափոխական չէր, պարզվեց, որ վկաների հետ կապված խնդիրներ ենք ունենում: Սա դեռ ավարտը չէ, ես համոզված եմ, որ մենք դեռ շատ աղմկահարույց դեպքեր ենք ունենալու:

— Մարտի մեկի գործի բացահայտման այս փուլը կարո՞ղ է կապված լինել այս դեպքի հետ: Ի՞նչ ենթադրություններ կարող ենք անել:

— Ամբողջ խնդիրը դրանում է, որ կային ուժեր, ովքեր չցանկացան գործերի բացահայտում: Մենք տարի ու կես նույն բանն ենք կրկնում, որ արդարադատություն իրականացնող մարմինները, ուժային մարմինները ցանկություն չունեն հեղափոխության տրամաբանական ավարտը տեսնելու, նրանք շահագրգռված չեն իրական հեղափոխության հաղթանակին հասնելու համար, որովհետև իրենց կատարած հանցագործությունները բացահայտվելու են: Թերևս այս վերջին մի քանի աղմկահարույց իրադարձությունները եկան ապացուցելու իմ այս տեսակետը: Ափսոսում եմ, որ մեր իշխանություններն արհամարհեցին քաղհասարակության ձայնը: Իհարկե ազդեցություն կարող են ունենալ Մարտի մեկի գործի վրա, իհարկե հետևանքներ լինելու են, բայց ամեն դեպքում Հայկ Հարությունյանը գլխավոր դերակատարներից մեկն էր, միևնույն է, լինելու են բացահայտումներ, լինելու են այլ վկաներ:

— Պե՞տք է արդյոք Մարտի մեկի գործով առանցքային վկաները վերցվեն պետական պահպանության ներքո:

— Հուսամ, որ տարբերակներ կգտնեն այլ վկաների անվտանգությունն ապահովելու համար: Անգամ եթե օրենքում կա որևէ սահմանափակում, որը թույլ չի տալիս առանց համաձայնության վկաներին պաշտպանության տակ վերցնելու, պետք է փորձել գտնելու իրավական լուծումներ՝ կլինի դա Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում, թե մեկ այլ լուծում, պետք է կարողանալ նրանց պաշտպանել, որովհետև ի վերջո խոսքը գնում է ոչ միայն գործով վկաների, այլև մարդկային կյանքերի մասին: Մենք ապրում ենք 3-րդ հազարամյակում, և անվտանգությունը, մարդկային կյանքը արժեք պիտի ունենան:

Հերմինե Ղարիբյան

Back to top button