Պահեստազորի սպան՝ փոխգնդապետին ծեծի ենթարկելու մասին

Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի սպա Արա Մխիթարյանի և մարզպետարանի աշխատակցի միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով Արա Մխիթարյանը մարմնական վնասվածքներ է ստացել և մինչ այս պահը գտնվում է կոմայի մեջ:
Պահեստազորի սպա Գևորգ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրավիճակին, նշեց, որ սպայի ծնողների հետ ամենօրյա շփման մեջ է, և մինչ այս պահը նրա առողջական վիճակում էական տեղաշարժ չկա:
«Այն, որ այս պահին տեղեկություններ կան, որ մարզպետը հրաժարական է ներկայացրել, ևս խոսում է ներկայիս իշխանության կաշկանդվածության և պարկեշտության մասին: Ի՞նչ է ստացվում՝ մինչև բողոք-ակցիա չի լինում, խնդիրը լուծում չի ստանում»:
«Նման հետևանքներով միջադեպը նախնական զարգացումներ չէր կարող չունենալ, հնարավոր չեմ համարում պահի տակ նման զարգացումը»,- նշեց Գևորգ Հովհաննիսյանը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչի հիման վրա է նման եզրահանգումներ կատարում, պահեստազորի սպան արձագանքեց.
«Արա Մխիթարյանն ունի 27 տարվա զինվորական ծառայության ստաժ, այսինքն՝ այդպիսի արագ կոնֆլիկտային իրավիճակի հանգեցնելը ես տրամաբանական չեմ համարում»:
Պահեստազորի սպայից հետաքրքրվեցինք նաև՝ ունեն արդյոք փաստեր, որ մարզպետը ներկա է եղել միջադեպին, քանի որ մարզպետը պնդում է, որ այդ ընթացքում գտնվել է տանը, և կան իրենց բակի տեսագրությունները, Հովհաննիսյանն արձագանքեց.
«Ես կոնկրետ փաստեր չունեմ, որպես իրավաբան ծանոթ չլինելով այդ տեսագրության բովանդակությանը՝ ես ուղղակի արժանահավատ չեմ համարում: Դա կլինի արժանահավատ այն բանից հետո, երբ վարույթն իրականացնող մարմինը համապատասխան փորձաքննության հիման վրա իրոք կապացուցի, որ տվյալ ձայնագրությունն արվել է ոչ թե դեպքից առաջ, այլ հենց դեպքի պահին»:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտնել է հրաժարականի մասին՝ վերահաստատելով, որ դեպքի ժամանակ եղել է տանը. նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել է այս փաստը հիմնավորող ապացույցներ։