Նորություններ

Իսկ եթե Վանեցյանը գիտի գաղտնիքներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությա՞նը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի աղմկահարույց հայտարարություններին, Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճին, ընդգծեց, որ այս ամենն արդեն լուրջ խնդրի հանգեցրել է, քանի որ մի կողմը մյուսին մեղադրում է ոչ հավասարակշռության մեջ:

«Եթե խոսքը գնում է պետական գաղտնիքի մասին, հասկանալի է, որ ԱԱԾ նախկին տնօրենն ունի որոշակի պարտավորություններ պետական գաղտնիքներ չհայտնելու, բայց եթե ինքը գիտի գաղտնիքներ, որոնք վտանգ են սպառնում մեր պետությանը, և համարում է, որ չի կարողանում լռել, բայց դեռ ընդամենը զգուշացնում է, ասում է՝ «կանգ առ», դա արդեն այլ իրավիճակ է, այսինքն՝ գուցե լուրջ խնդիր կա, և ինքը պարտավոր է որպես սպա դրա մասին խոսել»:

Ըստ քաղաքագետի՝ մի կողմից անձնական վիրավորանքներ են, մյուս կողմից՝ ինչ-որ բաների մասին ակնարկներ պետական շահերի հետ կապված:

«Վանեցյանն առաջին նամակով սթափության կոչ էր անում, մյուս կողմն ինչ-որ առումով ոչ քաղաքական, ինչ-որ առումով նաև փողոցային լեզվով էր խոսում: Մենք մինչ այդ գիտեինք ասֆալտին փռելը, այդ ոճի մեջ է շարունակում ուսադիրները աղբաման գցելը, և ես չեմ կարծում, որ այս բառապաշարը քաղաքական ղեկավարի բառապաշար է»,- հավելեց Դանիելյանը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոս Անջելեսում անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին, նշեց, որ պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, սակայն երբ հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա:

ԱԱԾ նախկին տնօրենն արձագանքել է վարչապետի լոսանջելեսյան հայտարարություններին՝ նշելով. «Պատկերացնում եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»։

Back to top button