ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայում մուսուլմանների թիվը՝ 4 միլիոն. փորձագետը մուֆտիի խոսքը քաղաքական է որակել

ՌԴ Ժողտնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ավագ գիտաշխատող Եվգենի Վարշավերը մեկնաբանել է Մոսկվայում մուսուլմանների թվի աճի (մինչեւ 4 մլն.) մասին տեղեկությունը, որը հայտնել էր ՌԴ Մուֆտիների խորհրդի ղեկավար Ռավիլ Գայնուտդինը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

«Խոսելով Մոսկվայում մահմեդական միգրանտների թվաքանակի վերաբերյալ՝ դժվար է հստակ թվեր ներկայացնելը: Վիճակագրությամբ զբաղվող մարդիկ նշում են 2 մլն. թիվը, սակայն դա շատ մոտավոր հաշվարկ է, քանի որ բավարար հիմքեր չկան կոնկրետ թվեր նշելու համար, ցավոք, չկան»,- ասել է փորձագետը:

Ըստ նրա՝ հաշվարկների բարդությունը կայանում է նրանում, որ թվերն անջատ են ու չհամաձայնեցված՝ կապված գրանցված անձանց եւ հատկացված աշխատանքային արտոնագրերի հետ:

«Ինձ թվում է, որ մուֆտիի արտահայտությունն ավելի շուտ քաղաքական բնույթ է կրում, քանի որ, երբ դու ասում ես, որ քո հոգեւոր հոտը 4 մլն. է, եւ ոչ 2 մլն., դա, իհարկե, ավելի ծանրակշիռ է հնչում»,-նշել է Եվգենի Վարշավերը:

Ավելի վաղ Ռավիլ Գայնուտդինը հայտարարել էր, որ Մոսկվայում 1997թ.-ից սկսած մուսուլմանների թիվը 300-400 հզր.-ից հասել է 3-4 մլն.-ի:

 

 

Աղբյուր՝ gazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close