Նորություններ

ԲԴԽ նախագահը կպատասխանի, թե ովքեր են «պատերի տակ վնգստացող դատավորները»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր Գյումրիում անկախության տոնակատարությունից հետո Սեւ բերդի բակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց, որ Հայաստանում դատավորները եւ դատական համակարգտն ընդհանրապես երբեք այսքան ազատ եւ ինքնուրույն չի եղել: Նա պնդեց նաեւ, որ դատական համակարգը չի ենթարկվում ճնշումների: Որպես ապացույց նա թվարկեց նաեւ դատական համակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջնահերթությունները:

Լրագրողներից մեկի հարցին, թե դատավորներից Դավիթ Գրիգորյանի գործն արդյոք ճնշում չէր, եւ որ  դատավորները որոշում կայացնելիս ճնշված չե՞ն զգա իրենց, ԲԴԽ նախագահը պատասխանեց՝ ոչ:

«Ես դա ճնշում չէի համարի, սակայն բոլոր դատավորները պետք է շատ ավելի զգույշ եւ ուշադիր լինեն եւ փորձեն գործել իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքներից ելնելով»:

Լրագրողներից մեկն էլ խնդրեց ԲԴԽ նախագահին թվարկել «պատերի տակ վնգստացող» դատավորների անուններ: Հիշեցնենք՝ այս ձեւակերպումը Նիկոլ Փաշինյանինն էր, հետո ԲԴԽ նախագահը մեկ անգամ արդեն կրկնել էր: Երեկ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կրկին այս ձեւակերպումը հնչեցրեց եւ ասաց, որ ինքը դիմելու է ԲԴԽ նախագահին՝ խնդրելով նրան տրամադրել «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկը այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդազարյանն ասել էր, որ իրենց շատ լավ հայտնի է՝ ովքեր են նրանք եւ անուններն էլ կան:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է  պատասխանել Հայկ Ալումյանի այդ դիմումին, միայն թե նման դիմում չեն ստացել:

«Դիմումը չենք ստացել, բայց եթե ստանանք, անպայման կպատասխանենք: Կախված հարցադրումից, կորոշեմ` ինչպես պատասխանել»,- հայտարարեց ԲԴԽ նախագահը:

 

Ավելին
Back to top button
Close