ՄիջազգայինՆորություններ

Թրամփը հավելյալ զորամիավորումներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավելյալ զորամիավորումներ է ուղարկել Մերձավոր Արեւելք: Ինչպես հայտնել են Պենտագոնից, ամերիկացի զինվորականները կամրապնդեն Սաուդյան Արաբիայում եւ ԱՄԷ-ում հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանական համակարգերը:

Պաշտպանության նախարար Մարկ Էսպերի խոսքերով՝ զորքերի տեղաբաշխումը ձեռնարկվել է այդ երկու երկրների խնդրանքով, նպատակը պաշտպանական համակարգերի ամրապնդումն է: Միեւնույն ժամանակ, սա տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդման միայն առաջին քայլն է:

ԱՄՆ ԶՈւ շտաբների միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը չի հստակեցրել, թե քանի զինծառայող են մեկնել Մերձավոր Արեւելք: Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունը մանրամասները կհրապարակի հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ օրերս սաուդյան երկու կարևոր օբյեկտներ, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն նավթավերամշակող գործարանը, գրոհի են ենթարկվել անօդաչու սարքերի կողմից, ինչի պատճառով թագավորությունում նավթի արդյունահանումը կրճատվել է գրեթե 50 %-ով։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են եմենցի հուսիտ-գրոհայինները: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ դրա հետևում կանգնած է Թեհրանը:

Հաջորդ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ  Զարիֆը Վաշինգտոնին մեղադրել էր ստախոսության մեջ՝ ի պատասխան այդ երկրի պետքարտուղարի այն հայտարարության, թե Իրանը հարձակում է կազմակերպել Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցների վրա։

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին «պատերազմական գործողություն» էր որակել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումը:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button
Close