Նորություններ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին եւ վարչապետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։

Ուղերձում ասված է․«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը հիմնովին փոխեց հայ ժողովրդի պատմության ընթացքը:

Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման համար: Այդ գործում մեծ է Ձեր անձնական ավանդը:
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարեւորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ: Դա ինքնիշխան ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհն է՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:  Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու հաղթանակներ՝ ի բարօրություն ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության»:

Ավելին
Back to top button
Close