Նորություններ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Մնացականյանն ընդունեց Լիբանանի ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով լիբանանյան պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատանքով արձանագրեց, որ Հայաստանը և Լիբանանը միահյուսված են ամուր պատմական բարեկամական կապերով՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Երկուստեք ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսության պահպանման, փոխգործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող օրակարգի առավել ամրապնդման և հարստացման ուղղությամբ: Այս առնչությամբ զրուցակիցները մեծապես կարևորեցին հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները, որի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանության, քաղաքական, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և բազմաթիվ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներն ուղենշելու համար:

Փոխադարձաբար բարձր գնահատվեց Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրների և ժողովուրդների միջև կամրջող օղակ և հայ ինքնության պահպանման առաջամարտիկներ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ պայմանավորված Մերձավոր Արևելքում պատմական կապերով և հայկական ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադիր հետևում է տարածաշրջանի գործընթացներին։

Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին։

Back to top button