ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Սա կարևոր ցուցիչ է, որ ընդհանրապես կառավարման ոլորտում և գործադիր մարմնում անփոխարինելի և անձեռնմխելի մարդիկ չկան». Գայանե Աբրահամյան

«Մենք կարող ենք ենթադրել, որ իրենց շահերի տիրույթը եղել է ոչ թե սահմանադրության պաշտպանությունը և սահմանադրության ոգուն և տառին հավատարիմ մնալը, այլ ինչ-որ խմբերի շահերի պաշտպանությունը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին, որն այսօր շրջանառության մեջ է դրվել, նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանը պետք է կայացնի, և անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի քվե, պատգամավորը շեշտեց.

«Եթե լինեն բացառապես օրենքի սահմաններում, կարծում եմ՝ այս նախագիծը հստակ բոլոր փաստարկները տալիս է, որպեսզի իրենք զուտ ճիշտ իրավական որոշում կայացնեն, եթե որոշումը կլինի այլ տիրույթում, ապա ես չեմ կարող որևէ կերպ կանխատեսել, թե ինչ կանեն, որովհետև շահերի տիրույթը տարբեր է»:

Գայանե Աբրահամյանի խոսքերով՝ հեղափոխությունից անմիջապես հետո խնդիր էր դրված հատկապես ուժային մարմիններում պահել շարունակականությունը, ինստիտուցիոնալ հիշողությունը, դրա համար իսկ որոշվեց այնտեղ նշանակել մարդկանց, որոնք ունեին այդ հիշողությունը, որն այս կառույցներում շատ կարևոր է:

«Սա կարևոր ցուցիչ է, որ ընդհանրապես կառավարման ոլորտում և գործադիր մարմնում չկան անփոխարինելի և անձեռնմխելի մարդիկ, եթե որևէ մեկը որևէ կերպ չի բավարարում ակնկալիքները, և թերացումներ են տեղի ունենում, պետք է ուղղակի դուրս գալ»,- հավելեց պատգամավորը:

Ավելին
Back to top button
Close