ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Վանեցյանին գործից ազատելը վարչապետի որոշումն է եղել, և դժգոհությունն այդ ոլորտի ինչ-որ առումով դանդաղելու հետ է կապված». «Իմ քայլի» պատգամավոր

«Ես կարծում եմ, որ ամբողջ ջերմուկցիները չէ, որ ընդառաջ չեն գնում վարչապետի կոչին, այլ կարծում եմ, որ որոշ մարդիկ, որոնք որոշակի շահագրգռվածություն ունեն»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված հանրային տրամադրություններին, դասադուլներին ու գործադուլներին:

«Թեկուզ տասը հոգի էլ որ դեմ լինեն, մեզ համար դա նշանակություն ունի, և այդ պատճառով էլ գործընթացներն այսքան ձգձգվում են»,- նշեց նա՝ հավելելով, որ կարծում է՝ պետք է ժողովուրդն ընդառաջ գնա և թույլ տա, որ շինարարական աշխատանքներն իրականացվեն:

«Չեմ կարծում, որ ուժային միջամտություն լինի, եթե որոշակի միջամտության անհրաժեշտություն էլ լինի, դա այնպիսի միջամտություն կլինի, որ որևէ մեկին վնաս չլինի, չեմ կարծում, որ իրավիճակը փակուղի կգնա»:

Անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին՝ Սերգեյ Մովսիսյանն ասաց, որ ինչքան էլ բոլոր ոլորտներում անձը կարևոր է, բայց թե ԱԱԾ-ն, թե ոստիկանությունը կայացած համակարգեր են, և անձով չէ պայմանավորված նրանց աշխատանքը:

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ պատգամավորը նշեց, որ իր համար տարօրինակ տեքստ է եղել, քանի որ եթե ասելիք կար, պետք է չակերտները բաց ներկայացներ Արթուր Վանեցյանը.

«Վանեցյանին գործից ազատելը վարչապետի որոշումն է եղել, և դժգոհությունն այդ ոլորտի ինչ-որ առումով դանդաղելու հետ է կապված»:

Ավելին
Back to top button
Close