Նորություններ

Ադրբեջանի քարոզչական հերթական նյութը` հայկական մամուլում

Հայաստանյան մի շարք լրատվականներ, հղում անելով Jewishjournal.com հրեական պարբերականին, տեղեկություն են տարածել, թե իբր «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում»։

Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ, մի շարք պաշտոնական հանդիպումներից զատ, կմասնակցի նաև Լոս Անջելեսում նախատեսված հանրահավաքին և հանդես կգա ելույթով։

Հրեական պարբերականի բլոգային բաժնում տեղադրված հոդվածում նշվում է, որ 1991 թվականին, Խորհրդային միությունից անկախանալուց հետո, Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին դեմ արտաքին քաղաքականություն, և կոչ արվում չեղյալ հայտարարել նախատեսված հանրահավաքը և վարչապետի ելույթը։

Հատկանշական է, որ վերոնշյալ հոդվածի հեղինակը Ադրբեջանի «լեռնային հրեաների կրոնական համայնքի» ղեկավարն է՝ Միլիխ Եվդաևը։

Եվդաևը ծնվել է Ադրբեջանի Կարմիր գյուղ համայնքում (Qırmızı Qəsəbə), 1971 թվականին ավարտել է Ադրբեջանի տեխնոլոգիական համալսարանը և երկար տարիներ աշխատել է պետական համակարգում։ Հայտնի է իր հակահայկական քարոզչական գործունեությամբ (հոդվածներ, գիտաժողովներ, ելույթներ և այլն)։ 2015 թվականին Եվդաևը պարգևատրվել է Ադրբեջանի նախագահի պատվո գովասանագրով, իսկ արդեն 2018 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով Եվդաևին նշանակվել է անվանական կենսաթոշակ։

Հատկանշական է նաև, որ այս հոդվածի տարածման գործում ներգրավված է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը։

Հյուպատոս Նասիմի Ագաևը ֆեյսբուքյան իր էջում ևս կիսվել է հոդվածով և հավելել՝ «Լոս Անջելեսը չպետք է հարգի այն պետությանը, որը մեծարում է իր նացիստական գեներալներին»։

Հոդվածի հրապարակումից երկու օր անց, այն սկսեցին տարածել նաև հայաստանյան լրատվականներ` «Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ Պարկում» վերտառությամբ։

 

 

Back to top button