ՆորություններՔո ձայնը

Ինչո՞ւ չի շարժվում գնացքը. որովհետև դուք, հարգելի հեղափոխական իշխանություններ, այնքան ակնհայտորեն ինքնասիրահարված եք

Հեղափոխությունից անցել է 1,5 տարի։ Մեծ բան չի անցել, բայց հետևություններ անելու համար խիստ բավարար ժամանակ է։ Առաջին ալիքի էյֆորիան նստել է, իրականությունը սթափեցրել է՝ մենք ենք երկիրն այս օրի հասցրել։ Մենք սա ենք ու դժվար է սպասել, որ փոխվելու ենք միայն այն բանի համար, որ երիտասարդ մի ուժ իշխանության է եկել։ Ավելի շուտ, մենք կմնանք մեր կոմֆորտի գոտում, կհավատանք դավադրությունների, որ ոչ մի նոր ուժ չկա, սա հնի սարքածն է, հնի շարունակությունն է, ինքը հինն է, ուղղակի ուրիշ դեմքով։ Ու էլի մենք մեղք չունենք։ Բայց սա ճահիճ է։ Մենք էսպես կփակենք մեր պատմության վերջին էջը, կցրվենք աշխարհով մեկ, կուժեղացնենք այլ ցեղերի։ Որովհետև փաստ է, որ Հայը գերադասում է կարգուկանոնը՝ բառդակից, ու դրանում է Հայի ուժը, Հայի ինտեգրման, կայացման գաղտնիքը այլ, կարգ ու կանոնով հասարակություններում։ Ու Հայի թուլությունը, ծուլությունն ու թափթփվածությունը՝ իր հայրենիքում ինքնուրույն կարգուկանոն չհաստատելու, դրա պարադոքսալ հակաուժն է։

Այսքան երկար ներածությունից հետո, ավելի պարզ՝ ինչո՞ւ չի շարժվում հայկական տնտեսության փոքրիկ մի հատվածի՝ կինաարտադրության գնացքը։ Չի շարժվում, որովհետև այդ գնացքի ղեկին մնացել են նրանք, որոնք կանգնեցրել են գնացքը խուլ մի վայրում, իջել, քանդել են դիմացի ռելսերը, ծախել են վառելիքը, հետո կերել են վագոններում եղածը։ Իսկ հեղափոխությունից հետո պինդ նստել են այդ ուրվական գնացքի մեջ ու գրում են կանոնակարգեր, օրենքներ ու հայեցակարգեր թե ինչպես առաջ տանել գնացքը։

Վերջին 20 տարում հայկական կինոյի կառավարումը իրականացրել են 3 կառույց՝ Հայֆիլմը, որը մսխելուց հետո ստեղծվեց Ազգային կինոկենտրոնը, Հայկ ստուդիան, ոսկե ծիրանը։ Կա՞ այսօր Հայաստանում մարդ, ով կարծում է, որ այս կառույցները միլիարդներ են ստացել պետական բյուջեից առանց ատկատների, առանց սխեմաների։ Իհարկե չկա։ Մարդիկ նույնիսկ գիտեն այս կառույցների ղեկավարները ում միջոցով, իշխանության որ սենյակում են հաստատել իրենց ատկատները։ Այդ ամենը բաց էր, աչքներիս առաջ։ Ոսկե ծիրանի ղեկավարը զանգվածային լրատվամիջոցներով շնորհակալություն էր հայտնում ՀՀ նախագահի եղբորը, ասելով, որ եթե նրա զանգը չլիներ, փառատոնը այդ տարվա գումարը չէր ստանա։ ՀՀ նախագահի եղբոր զանգով փառատոնը ահռելի գումար է ստանում, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ փառատոնը ներքաշված է կոռուպցիոն սխեմայի մեջ։

Հիմա էս մարդիկ՝ կինոն տապալածները, իրենց ուրվական գնացքի մեջ նստած գծագրում են սխեմաներ, որովհետև վստահ են, որ ոչինչ չի փոխվել Հայաստանում, որ իրենց ծերացող «խարիզման» այնքան ազդեցիկ է, իսկ նվագն այնքան դյութիչ, որ նոր իշխանության երիտասարդ ներկայացուցիչները անպայման պարելու են իրենց զուռնայի տակ։ Իհարկե ոչինչ չի փոխվել, քանի քննիչը չի հարցրել սրանց՝ Ո՞ւր են Հայֆիլմի ռեսուրսները, արտադրական բազան, կինովարձույթը, կինեմատոգրաֆիստների տունը, այն ամենը, ինչ ձեզ թողել էր սովետական ահռելի կինոինդուստրիան։

Ու՞ր է պետական բյուջեից փոխանցվող տարեկան 2 միլիոն դոլլարը, ու՞ր են ֆիլմերը, ինչու մեզ՝ պատվիրատուներիս չեն հասնում։ Ամեն տարի ձեզ տրվում է ահռելի գումար՝ միջազգային շուկաներին մասնակցելու համար, կինոկենտրոն կոչվող աղբանոցի ղեկավարությունը 2019թ-ին մասնակցել է Ռոտերդամի, Բեռլինի, Կաննի կինոշուկաներին։ Ինչո՞վ է գնացել, ի՞նչ է բերել, ի՞նչ է արել միջազգային կինոշուկայում։

Ինչո՞ւ չի շարժվում գնացքը։ Չի շարժվում ու չի շարժվելու, որովհետև դուք, հարգելի հեղափոխական իշխանություններ, այնքան ակնհայտորեն ինքնասիրահարված եք, այնքան միամիտ հավատով լեցուն ինքներդ ձեր հանդեպ, որ կարծում եք թե կարող եք անել անհնարինը՝ աշխատացնել հին համակարգը, հին մարդկանցով։ Մինչդեռ պետք է փոխել մարդկանց, ապա նաև համակարգը, մեռյալ կետից շարժվելու համար։ Չի կարող գնացքը կանգնեցրած ու թալանած անձնակազմը վերագործարկել այն։ Չի կարող հին համակարգի սպասարկուն վերակազմակերպել իրեն։ Չի անելու։ Սա ես ասում եմ կինոարտադրության՝ իմ իմացած ոլորտի մասով։ Գուցե այլ ոլորտներում հրաշքները հնարավոր են։ Իսկ, թերևս՝ ոչ։

Ավելին
Back to top button
Close