Նորություններ

Միջազգային էներգետիկ հարաբերությունները բնորոշվում են համագործակցությա՞մբ, թե՞ հակամարտությամբ

Եվրոպական միության (ԵՄ) և Ռուսաստանի միջև էներգետիկ հարաբերությունները, ինչպես նաև հարցը, թե արդյոք դրանք բնութագրվում են համագործակցությամբ կամ կոնֆլիկտով, տևական ժամանակ է՝ գիտական բանավեճերի հիմնական թեմա է: Եվրոպական տնտեսության և նրա բնակիչների հաջող գործունեությունն ուղղակիորեն կախված է Եվրոպական միության ամբողջ տարածքում էներգակիրների առկայությունից, չնայած դա էլ կախված է ներմուծվող ռուսական բնական գազից (Pick, 2012):

Այս տնտեսական փոխկախվածությունը երկու կողմերին էլ անհանգստացնում է, քանի որ հարաբերությունները կարող են դառնալ անհավասարակշիռ՝ պայմանավորված նրանով, որ մի կողմի կախվածությունը մյուսի ռեսուրսներից սպառնալիք կդառնա իր ազգային անվտանգությանը: Այսպիսով, կողմերը փնտրում են քաղաքական նոր լուծումներ, որոնք կնվազեցնեն մեկը մյուսից կախվածությունը, բայց թվում է՝ գրեթե անհնար է նվազեցնել կախվածությունը մի կողմից՝ առանց մյուսի կախվածության մեծացման (Krickovic, 2015):

Բազմաթիվ փաստերի և օրինակների շնորհիվ պարզ է դառնում, որ Ռուսաստանի և Եվրամիության միջև միջազգային էներգետիկ հարաբերությունները բնութագրվում են փոխկախվածությամբ, ինչն իր հերթին բախման հիմք է ստեղծում։ Ռուսաստանի և ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության պատկերացումները տարբեր են՝ պայմանավորված այս հարցում նրանց տեսակետներով:

Փոխկախվածությունը և ոչ արդյունավետ համագործակցությունը ռուսաստանյա՞ն, թե՞ եվրոպական կողմի պատասխանատվության դաշտում են: Ի վերջո, վերջին տարիներին համագործակցությանն ուղղված ի՞նչ քայլեր և գործողություններ են ձեռնարկվել, և ինչո՞ւ է փոխկախվածությունը, որը չի կարող հիմք լինել արդյունավետ համագործակցության համար, դեռևս արդիական լինելու առաջիկա տարիներին:

ՓՈԽԿԱԽՎԱԾՈւԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԱՆ ՈՍՊՆՅԱԿՆԵՐԻ ՄԻՋՈՎ

ԵՄ էներգետիկ անվտանգությունը սահմանվում է որպես մատակարարման անվտանգություն, այն է ՝ «էներգիայի […] բավարար քանակով և մատչելի գներով առաքումն էկոլոգիապես մաքուր, կայուն եղանակով, որը նաև հիմնականում զերծ է ծառայության մատուցման խափանումների լուրջ ռիսկից» (Kirchner & Berk, 2010; էջ 864): Մինչդեռ Ռուսաստանի պահանջարկի անվտանգությունը սովորաբար ընկալվում է որպես «[…] էներգակիրների արտահանման շուկայի որոնում, որն ուղակիորեն կապված է (կառավարության) աճող  եկամուտների հետ» (նույն տեղում, էջ 864):

Տևական ժամանակ գիտնականները, սկսած Էմանուել Կանտից և Ադամ Սմիթից, մտածում էին տնտեսական փոխկախվածության առանձնահատուկ հետևանքների մասին: Նրանց տեսությունները հանգեցրել են այն եզրակացության, որ երկու կամ մի քանի երկրների միջև տնտեսական փոխկախվածության սցենարում բախումն ամենաքիչ հավանական ելքն է: Այսինքն, երբ երկրներն արդար և հավասարապես կախված են միմյանցից, բոլորն էլ շատ մտահոգված կլինեն միմյանց՝ որպես տնտեսական գործընկեր կորցնելուց, ինչն իր հերթին բացասական ազդեցություն կունենա երկու կողմերի տնտեսությունների վրա (Polachek, 1980), (O’Neal and Russell, 2001); (Mazo, 2009):

Այնուամենայնիվ, ռեալիստները պնդում են, որ երկրների միջև փոխադարձ կախվածությունը, շփման և հաղորդակցության համար կապ ստեղծող այլ գործոններին հար և նման, նույնպես կարող է կոնֆլիկտ և ագրեսիվ վարքագիծ առաջացնել (Waltz, 1979); (Mearshimer, 1995): Ի պաշտպանություն այս փաստարկի՝ ռեալիստները հաճախ մեջբերում են Առաջին աշխարհամարտի դեպքը, երբ դրա լուսաբացին Եվրոպայի պատերազմող կողմերի միջև տնտեսական փոխկախվածությունը չխանգարեց նրանց պատերազմել  միմյանց դեմ (Ripsman, 1996): Դրանից հետո ռեալիստական տեսանկյունից բազմաթիվ ուսումնասիրություններ եզրակացնում են, որ փոխկախվածությունն իրականում պետությունների միջև հակամարտություններ է խթանում (Gasiorowski,1986); (Barbieri, 2002)։

Ի վերջո, մարքսիստ և նեո-մարքսիստ մտածողները պնդում են, որ զարգացող և զարգացած պետությունների միջև տնտեսական փոխկախվածությունը ենթադրում է, որ զարգացող կամ մասնակի զարգացած պետությունը շահագործվելու է, և նրա զարգացումը կխոչընդոտվի: Ընդ որում, զարգացած երկիրը հենց շահագործողը կլինի, և, հետևաբար, այն կստանա տնտեսական ու քաղաքական առավելություն և գերակայություն մյուսի նկատմամբ (Hirschman, 1945); (Stein, 2006)։

Որոշ դեպքերում պետությունների միջև փոխկախվածությունն անվտանգության երկընտրանքի (դիլեմա) օրինակ է, որտեղ ոչ մի կողմ չի կարող նվազեցնել իր կախվածությունը մյուսից՝ առանց սպառնալու մեկի կողմից մյուսի կախվածության մեծացմանը (Jervis, 1978):

Սա վերաբերում է Եվրամիության և Ռուսաստանի էներգետիկ հարաբերություններին, որտեղ այն քայլերը, որ կատարում է յուրաքանչյուր կողմը՝ նվազեցնելու համար մյուսից իր կախվածությունը, միշտ էլ սպառնում է հարաբերությունների հավասարակշռությանը, քանի որ մյուս կողմը դառնում է ավելի կախված եկամտից կամ ռեսուրսներից: Այս ծուղակից կարելի է խուսափել, եթե փոխկախվածությունը բարդ է (ինչը Ռուսաստան-ԵՄ էներգետիկ առևտրի հարաբերություններին չի վերաբերում): Պետությունները պետք է միմյանցից կախված լինեն ոչ թե մեկ, այլ մի քանի ոլորտներում, ուստի դժվար է հեշտությամբ տարբերակել պետությունների միջև նկատելի հավասարությունը կամ կախվածությունը (Keohane and Nye, 1989); (Deudney and Ikenberry, 1999):

Այնուամենայնիվ, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների դեպքում փոխկախվածության հիմնական միջավայրն էներգետիկ ոլորտն է, ուստի փոխկախվածությունը ստանում է պարզ կառուցվածք, ինչն ավելի դյուրին է դարձնում ուժի և ռիսկերի հավասարակշռությունը տեսնելը, երբ մի կողմը փորձում է նվազեցնել իր կախվածությունը: Ռուսաստանի և ԵՄ էներգետիկ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես սիմետրիկ փոխկախվածություն, քանի որ կողմերը հավասարապես կախված են միմյանցից:

ԼՌԵՑՆԵԼՈՎ ԹՈւՅԼ ՊԵՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ՞Ն

2016թ. դրությամբ Ռուսաստանի էներգակիրներից ԵՄ կախվածության պատկերն այսպիսին է. Ռուսաստանից բնական գազի ներմուծումը ՝ 39.9%, անմշակ նավթի ներմուծումը՝ 31.6% և կարծր վառելիքը ՝ 30,2% (EU energy in figures, 2018): Մինչդեռ Ռուսաստանը նույնպես շատ կախված է դեպի ԵՄ էներգակիրների արտահանումից: Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանի անմշակ նավթի արտահանման շուրջ 78%-ն ուղղված է ԵՄ, իսկ գազի ավելի քան 70%-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին (Siddi, 2015):

Չնայած կողմերի միջև էներգակիրների ներմուծման և արտահանման կախվածությանը՝ հակամարտ և լարված հարաբերությունները դեռևս առկա են: Եվրոպան անհանգստացած է, որ Ռուսաստանը կօգտվի իր ածխաջրածինների արտահանումից ԵՄ ունեցած կախվածությունից՝ վերջինիս շանտաժի ենթարկելու նպատակներով (Lucas, 2014): Այսպիսով, ԵՄ-ը փնտրում է իր կախվածությունը նվազեցնելու ուղիներ և կառուցել է այնպիսի խողովակաշարեր, որոնք էներգակիրներ են մատակարարում Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետխորհրդային պետություններից (օր.՝ Ղազախստան, Ադրբեջան) դեպի Եվրոպա՝ շրջանցելով ռուսական ազդեցությունը:

ԵՄ-ն այս ընթացակարգն անվանել է էներգետիկ շուկայի ազատականացում, բայց, փաստորեն, դա ազդում է Ռուսաստանի էներգակիրների պետական արտահանողների վրա: Այնուամենայնիվ, Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սերգեյ Կորտունովն ասում է, որ «այս բոլոր ջանքերը, այսպես կոչված, «շուկայի ազատականացման» և նոր խողովակաշարերի կառուցման ուղղությամբ, միայն միտված են Ռուսաստանը թուլացնելուն և մեր բնական ռեսուրսներն արևմտյան վերահսկողության տակ դնելուն» (Kortunov, 2007):

Ի պատասխան Եվրոպայի՝ Մոսկվան դեմ գնաց շուկայի ազատականացմանը և ամրապնդեց իր գերիշխանությունը հետխորհրդային տարածքում խողովակաշարային ուղիների վրա: Վառ օրինակ են խողովակաշարերի կառուցման ծրագրերը, որոնք իրենց երթուղին կսկսեին Իրանում և կհասնեին Եվրոպա՝ անցնելով Հայաստանի տարածքով և շրջանցելով Ռուսաստանը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը գոհ չէր իր ազդեցության ոլորտում գտնվող երկրի կողմից այդ ինքնագործունեությունից: Այսպիսով, օգտագործելով իր քաղաքական գերիշխանությունը և հայկական կախվածությունը Ռուսաստանից՝ վերջինս թույլ չտվեց, որ խողովակաշարն իր ճանապարհը շարունակի մինչև Եվրոպա:

Մեկ այլ օրինակ է ոչ ամբողջովին իրականացված Նաբուկկո խողովակաշարը, որը մի կողմից պետք է հասներ Եվրոպա, իսկ մյուս կողմից՝ կապեր Արևելքը: Սակայն միակ ճանապարհը Կասպից ծովով անցնելն էր, որտեղ Ռուսաստանն առաջ մղեց վերջինիս լիճ լինելու իր օրակարգը, ուստի դրա տարածքը բաժանված է հօգուտ Ռուսաստանի: Այսպիսով, Կասպյանը լիճ լինելու դեպքում ջրային հայելու ներքին հիմնական տարածքը համատեղ տարածք է և վերահսկվում է շրջակա բոլոր երկրների կողմից: Այդ կերպ Ռուսաստանն իրավունք ուներ միջամտելու դեպի Ասիա գազատարի կառուցմանը: Ավելին, նա սկսեց շարժվել եվրոպական շուկաներից դեպի արևելք և փորձեց դիվերսիֆիկացնել իր էներգակիրների արտահանումը դեպի Ասիա: Դա նպաստեց ԵՄ կողմից Ռուսաստանի հանդեպ անվստահությանը և Ռուսաստանի հետագա գործողությունների նկատմամբ կասկածի տեղիք տվեց:

Ավելին, Լեռնային Ղարաբաղի տարածքում (դե ֆակտո՝ Արցախի Հանրապետություն) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարելի է նույնպես կապել Ռուսաստանի և ԵՄ միջև ստեղծված աշխարհաքաղաքական էներգետիկ խաղերի հետ: Ռուսաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև անխախտ և կոնֆլիկտային հարաբերությունները և Հայաստանի ու Թուրքիայի միջև փակ սահմանները Ռուսաստանին հնարավորություն են տալիս վերահսկել տարածաշրջանը և թույլ չտալ այդ երկրների միջոցով որևէ տեսակի ապրանքների, հիմնականում՝ էներգակիրների փոխադրում դեպի Եվրոպա: Այդ իսկ պատճառով գրեթե երեք տասնամյակ հակամարտությունը չի լուծվում և մինչ Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության հետ շաղկապված իր էներգետիկ անվտանգությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցն անփոփոխ մնալու վտանգի տակ է:

ՊԱՇՏՊԱՆՎՈ՞Ղ, ԹԵ՞ ՀԱՐՁԱԿՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Արևմտյան դիտորդների մեծամասնությունը պնդում է, որ Ռուսաստանի և ԵՄ միջև աճող կոնֆլիկտի և անվստահության մեղքը հիմնականում և գրեթե ամբողջովին Ռուսաստանի պատասխանատվության տակ է: Նրանք պնդում են, որ Ռուսաստանի ավտորիտար կառավարությունն իր էներգակիրները որպես քաղաքական գործիք է օգտագործում և փորձում է Ռուսաստանին վերադարձնել նախկին գերտերության դիրքը (Goldman, 2010); (Lucas, 2014); (Bugajski, 2009): Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը ԵՄ, որն­­ անցնում էր Ուկրաինայի տարածքով 2006թ., 2009թ. և 2014թ.: ­

Ավելին, Եվրոպան անհանգստացած է, որ Ռուսաստանը վերահսկում է իր հետխորհրդային ազդեցության գոտով անցնող խողովակաշարերի երթուղիները նրանց գազ մատակարարելու դիմաց: Այս ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս Եվրոպայի անհանգստությունները և անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ, բայց մոռանում են, որ Ռուսաստանը նույնպես շատ կախված է դեպի ԵՄ էներգակիրների արտահանումից, քանի որ դրանք Ռուսաստանի ՀՆԱ-ի և բյուջեի ընդհանուր եկամուտների զգալի մասն են կազմում: Ավելին, այս քննարկման մեջ նրանք անտեսում են ռուսաստանյան տեսանկյունը:

Ռուսներն էներգետիկ պահանջների դիվերսիֆիկացման և էներգակիրների սակագների իջեցմանն ուղղված ԵՄ գործողությունների նպատակը դիտարկում են որպես Ռուսաստանի էներգետիկ անվտանգության սպառնալիք: Մյուսները, սակայն, ԵՄ և Ռուսաստանի միջև շարունակվող «սառը» հակամարտության պատճառը դիտարկում են որպես երկու կողմերի միջև գաղափարական տարաձայնությունների առարկա, որտեղ Եվրոպան, լինելով փափուկ ուժի, համագործակցության և ապահով փոխկախվածության կողմնակից, դեմ է հանդես գալիս ավտորիտար և ռեալիստական Ռուսաստանին, որի միջպետական հարաբերությունների միակ գաղափարը զրոյական արդյունքով խաղն է (Medvedev, 2008): Ավելին, ըստ Տատյանա Ռոմանովայի՝ ԵՄ կողմից Ռուսաստանի և ԵՄ միջև հարաբերություններն անհարկի «անվտանգայնացվել» են՝ նպատակ հետապնդելով ծառայելու սեփական բյուրոկրատական իշխանությունն ընդլայնելու ԵՄ էլիտաների կարիքներին (Romanova, 2007):

Այնուամենայնիվ, այսպիսի դիտանկյան նմանատիպ ուսումնասիրությունները հաճախ անտեսում են այն փաստը, որ տնտեսական և անվտանգության շահերը տարամիտող ուղիներով են ընթանում, երբ խոսքը վերաբերում է էներգետիկ համատեքստին: Եվրոպայի շահերից է բխում գները ցածր պահելու համար դիվերսիֆիկացնել էներգետիկ շուկան և խրախուսել մրցակցությունը: Ի հակադրություն դրա՝ Ռուսաստանի շահերից է բխում մենաշնորհել շուկան և սեփական ազդեցությունը տարածել մյուս մատակարարների վրա՝ թելադրելով արտահանվող էներգակիրների գները և բարձր պահելով դրանք:

Չնայած հակամարտությունների աճին և կայունության սպառնալիքներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ ԵՄ էներգակիրների, մասնավորապես՝ բնական գազի ամենահուսալի մատակարարը: Երկրորդ տեղում է Նորվեգիան, բայց, ինչպես ցույց է տալիս պատմությունը, Նորվեգիայի էներգետիկ մատակարարն աշխատակիցների գործադուլների պատճառով ժամանակ առ ժամանակ դադարեցրել է գազի արտահանումը: Մինչդեռ Ռուսաստանը դադարեցրել է իր գազի արտահանումը միայն երեք անգամ՝ 2006թ., 2009թ. և 2014թ. Ուկրաինայի հետ գազային վեճերի ընթացքում, որոնք Եվրոպան թողեցին ցրտի մեջ, ռուսական էներգակիրներից ունեցած կախվածության չափի ընդգծված խոցելիությամբ (Pick, 2012), (BBC News, 2014):

Այդուհանդերձ, հաջողված համագործակցություն է արձանագրվել երկու կողմերի միջև, քանի որ Եվրամիությունը նախկին ԽՍՀՄ պետություններում անկախության ալիքի բռնկումից ընդամենը մի քանի տարի անց պաշտոնական համագործակցության ծրագրեր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ մյուս երկրների հետ: Այս ծրագրերը ներառում են «Հանուն Անկախ Պետությունների Համագործակցության Տեխնիկական Աջակցություն»-ը (TACIS) և «Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր»-ը (ԳՀԸ, PCA) (Ec.europa.eu, 2018), ստորագրված 1997թ., և «Հյուսիսային չափում»-ը՝  ստորագրված 1999թ. և թարմացված 2006թ. (EEAS-European External Action Service — European Commission, 2016)։

Այնուամենայնիվ, ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև էներգետիկ երկխոսության ինստիտուցիոնալացված ձևը մեկնարկեց 2000թ.՝ Փարիզի գագաթաժողովից հետո: Այս երկխոսության միջոցով ԵՄ-ը Ռուսաստանին հորդորեց ընդունել եվրոպական նորմերն ու արժեքները և հետևել դրանց, ինչպես նաև ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար բարեփոխել իր օրենսդրությունը և վերացնել բնական ռեսուրսների շուկայում մենաշնորհները (Grant and Barysch, 2003): Զարմանալի չէ, որ դա մերժվեց Կրեմլի կողմից, և 2000թ. հունիսին Սանտա Մարիա դե Ֆեյրայում (Պորտուգալիա) կայացած Եվրոպական խորհրդի նիստում կողմերը պայմանավորվեցին էներգետիկ երկխոսությունից տարանջատել քաղաքական պայմանականությունը (Morozov, 2008, pp.44-47):

Համագործակցության մեկ այլ օրինակ էր թվում Էներգետիկ խարտիայի պայմանագիրը՝ ստորագրված 1994թ. և ուժի մեջ մտած 1998թ․-ից: Այն հիմնված էր ազատական սկզբունքների վրա և միջազգային օրենսդրությամբ պարտադրող ուժ ուներ: Չնայած Ռուսաստանը պայմանագիրը ստորագրեց ԵՄ-ի և շատ այլ երկրների հետ միասին, սակայն ռուսաստանյան Դուման այն չվավերացրեց: Դուման պնդում էր, որ պայմանագրի կանոնակարգերը և սկզբունքները դեմ էին Ռուսաստանի ազգային շահերին և հակասում էին նրանց հավատամքներին (Morozov, 2008; p. 47):

2009թ. նոյեմբերին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև համաձայնեցվեց «Վաղ նախազգուշացման մեխանիզմը», որը կոչված էր բարելավելու էներգետիկ ճգնաժամի կանխարգելումը՝ ապահովելու համար կողմերի միջև անհապաղ հաղորդակցություն և կանխելու նավթի, գազի և էլեկտրաէներգիայի հետ կապված մատակարարումների ընդհատումները:

Ավելին, 2010թ. մայիսի 31-ին և հունիսի 1-ին Ռուսաստանը և ԵՄ-ը պայմանավորվել են «Գործընկերություն հանուն արդիականացման» ծրագրի շուրջ, ինչը «խթանելու է բարեփոխումները և նոր թափ է հաղորդելու իրենց հարաբերություններին՝ զարգացնելով համագործակցությունն առևտրի, տնտեսության և էներգետիկ անվտանգության ոլորտներում, աջակցելով աճին և նպաստելով համաշխարհային տնտեսական վերականգնմանը» (Larionova, 2015; p.62):

Ի հավելումն՝ 2011թ. փետրվարին կողմերն էներգետիկ անվտանգության ոլորտում համաձայնեցրեցին ճանապարհային քարտեզ՝ «հաշվի առնելով երկու կողմերի հետաքրքրությունը մատակարարման և պահանջարկի անվտանգության հարցում և նվազեցնելու շահագրգիռ կողմերի, տնտեսական դերակատարների և քաղաքացիների համար անորոշությունը» (Եվրոպական հանձնաժողով, 2013թ․):  Բացի այդ ընդունվեց համատեղ հռչակագիր, որի նպատակն էր ստեղծել մի մեխանիզմ, որը կգնահատեր գազի շուկայում առաջիկա միտումները:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

Չնայած վերը նշված բոլոր համագործակցության պայմանագրերը կարող են պատրանք ստեղծել, թե միմյանցից կախվածություն չկա, և կողմերի միջև կան պարզապես փոխշահավետ պայմանագրեր, առաջիկա տարիներին ԵՄ-ը, ամենայն հավանականությամբ, կախված կլինի Ռուսաստանի էներգակիրներից ներքոնշյալ պատճառներով:

Սկսենք նրանից, որ թեպետ վերջերս էներգետիկ շուկան դիվերսիֆիկացնելու ԵՄ ջանքերն ինչ-որ չափով նվազեցրել են Ռուսաստանի ազդեցությունը եվրոպական գազի ներմուծման վրա, այնուամենայնիվ, պատշաճ աշխարհագրական դիրքը և ռուսական գազի պաշարների հսկայական քանակը համոզիչ են դարձնում, որ գազի մյուս ներկրողները «լավագույն դեպքում կարող են միայն լրացնել Ռուսաստանին և կրճատել նրա հարաբերական քաշը» որոշակի չափով, բայց ոչ լիովին վերացնել այն (Aalto, 2009; p.164):

Մեկ այլ պատճառ էլ այն է, որ չնայած հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տեխնոլոգիայի հայտնաբերումը թույլ է տալիս գազի տեղափոխումը միջազգային ծովային ճանապարհներով և թույլատրում փոխարինել ռուսական գազը լատինամերիկյանով, սակայն, ի թիվս այլոց, ՀԲԳ-ը շատ թանկ է և չի կարող իրականացվել առանց հատուկ ենթակառուցվածքների, այդ իսկ պատճառով այն ներկայումս իրագործելի չէ (Mandil, 2008; p.18):

Ավելին, էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրահանձնաժողովի ջանքերը կարելի է տեսնել դրա կարճաժամկետ հետևանքների բացակայությամբ` նպատակ ունենալով թիրախավորել պահանջարկի կողմը, որը ԵՄ հիմնական ուշադրության կենտրոնում է, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ էներգակիրների արդյունավետության բարձրացումը: Վառ օրինակ է «Եվրոպա 2030» ռազմավարությունը, որի նպատակներն են՝ բարելավել էներգախնայողությունը 32,5%-ով և մինչև 2030թ. առնվազն 32%-ով անցում կատարել դեպի վերականգնվող էներգիա: Եվրոպայի համար դա գազի մատակարարներից որոշակի անկախություն ձեռք բերելու հնարավորություն կարող է լինել, եթե նպատակները հաջողությամբ ձեռք բերվեն (European Commission, 2017)։

Այնուամենայնիվ, իր առջև դնելով այս երկարաժամկետ նպատակները՝ ԵՄ-ը ներկայումս չի նվազեցնում իր կախվածությունը, այլ պարզապես հույս ունի դա կրճատել հետագայում՝ միևնույն ժամանակ պահպանելով կախվածությունը Ռուսաստանի բնական ռեսուրսներից:

Եզրափակելով, Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունները կարող են պարզապես դիտվել որպես փոխկախվածություն, այն է՝ երկու կողմն էլ մեծապես կախված են միմյանցից էներգետիկ ոլորտում, և նրանց կախվածությունը որոշ չափով հավասարակշռված է: Կախվածության հավասարակշռությունը բնութագրվում է հետևյալ կերպ. ԵՄ-ը կախված է ռուսական էներգակիրներից, մասնավորապես՝ բնական գազից, մինչդեռ Ռուսաստանն էապես կախված է այն եկամուտներից, որոնք ստանում է դեպի ԵՄ գազի արտահանումից:

Այս երկուսի միջև կապը կարող է բնութագրվել որպես անվտանգության դասական երկընտրանք, քանի որ կողմերից ոչ մեկը չի կարող նվազեցնել իր կախվածությունն առանց մյուսի կախվածության մեծացմանը սպառնալու: Կողմերի միջև փոխկախվածությունն ավելի հաճախ բնութագրվում է որպես հակամարտ, այլ ոչ թե համագործակցային հարաբերություն: Չնայած Ռուսաստանը շարունակում է մնալ ԵՄ համար գազի առավել հուսալի մատակարար, և կողմերի միջև կնքվել են մեծաթիվ պայմանագրեր, վերջիններս հետամուտ են լինում սեփական կախվածությունը նվազեցնելու ուղիներին՝ առանց լուրջ իրարանցում առաջացնելու, ինչը հնարավոր է, եթե կողմերը զգուշորեն չվարվեն։

Կարելի է հուսալ, որ ինչպես ԵՄ, այնպես էլ Ռուսաստանի էներգետիկ նոր ռազմավարությունները թույլ կտան դիվերսիֆիկացնել և ժողովրդավարացնել էներգետիկ շուկան: Հետևաբար դա կայուն հիմք կդառնա ինչպես եվրոպական, այնպես էլ Ռուսաստանի ազգային շահերը բավարարելու համար` ընտրելու ավելի շատ տարբերակներ (այդպիսով ներմուծման գները ցածր պահելով), ինչպես նաև՝ ռուսաստանյան կողմին ավելի շատ արտահանման երկրներ տրամադրելով:

Արման Գյուլգազյան

Լոնդոնի թագավորական համալսարան

Քաղաքական տնտեսագիտության բակալավր

Ավելին
Back to top button
Close