ՆորություններՔո ձայնը

Ժողովրդի կառավարությունը պարտավոր է և պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ

Աշխատանքից ազատվո՞ւմ են, թե՞ հեռացվում, դիմում են գրո՞ւմ, թե՞ դիմում գրել են տալիս: Հեռացողները կարող են ասել կամ չասել, խոսել սպայի պատվից կամ չխոսել, լիրիկական զեղումներով հայտարարություններ տարածել՝ կոչ անելով՝ «կանգ առ», որից ոչ ոք այդպես էլ ոչինչ չի հասկանա, բայց ժողովրդի կառավարությունը պարտավոր է և պետք է բացատրություն տա՝ ինչո՞ւ:

Մայիսի 10. Նիկոլ Փաշինյանը նշանակեց ՀՀ ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոստիկանապետ

Հեղափոխությունից հետո 2018թ. մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լայվի միջոցով Բաղրամյան 26-ից տեղեկացրեց ՀՀ քաղաքացիներին, որ որոշում է կայացնում Գ. Կուտոյանին և Վ. Գասպարյանին հեռացնել համապատասխանաբար ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի պաշտոններից և նոր նշանակումներ է անում:

«Որոշում եմ կայացրել նրանց փոխարեն նոր նշանակումներ իրականացնելու վերաբերյալ. ոստիկանության պետի պաշտոնում նշանակել ցույցերից ձեր բոլորին հայտնի Վ. Օսիպյանին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը և ապա բացատրում.

Հեղափոխությունից առաջ ես ու Վալերիյ Օսիպյանը, դուք և Օսիպյանը, մենք ու ոստիկանությունը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա: Բոլորս այս որոշումից հետո նույն կողմում պետք է լինենք: Լավ սիմվոլ է, որ փշալարերի կուլտուրան վերացնենք: Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը»:

Ապա նույն կերպ բացատրում է Վանեցյանի նշանակումը և ակնկալիքները՝ կոռուպցիայի դեմ պայքարում երկրում օրինականության հաստատմանն ուղղված ջանքերը:

Հատկանշական է, որ իր լայվը Նիկոլ Փաշինյանն ավարտում է՝ խոստանալով պահել կապը հանրության հետ և նշանակում ու հեռացում անելիս էլ տեղեկացնել հանրությանը, քանի որ ինքը ժողովրդի վարչապետն է:

«Կարևորում եմ ձեզ հետ կապը, չեմ մոռանում երբեք, որ հայտնվել եմ այստեղ ձեր շնորհիվ»:

Տարի ու կես անց. Փաշինյանի բացատրությունները

Նախ մամուլը գրում է, որ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը հրաժարական է ներկայացրել, սրան հաջորդում են ինտենսիվ հերքումները: Հերքում է նաև ժողովրդի կառավարության մամլո ծառայությունը:

Հետո վարչապետը մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասում է, որ ինքը դիմելու է ՀՀ նախագահին՝ առաջարկությամբ հեռացնել ԱԱԾ տնօրենին:

Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ ինչու: Միայն բացատրում է, որ զրույցներ են ունեցել և երկուստեք այդ որոշմանն են հանգել: Իսկ սրան հաջորդում է Վանեցյանի հայտնի աղմկոտ հայտարարությունը, թե կարևորը սպայի պատիվն է, և ինքը հեռանում է՝ հորդորելով «կանգ առնել»:

Հիմա հեռանո՞ւմ է, թե՞ հեռացնում են. ինչո՞ւ: Այս հարցերի պատասխանը չկա:

Գրեթե նույն իրավիճակն Օսիպյանի պարագայում է:

Վալերիյ Օսիպյանը ևս կարևորում է իր «սպայի պատիվը», հայտարարում, որ շարունակելու է «ծառայել ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով»՝ ակնարկելով նաև, որ ասելիք, այնուամենայնիվ, ունի և կխոսի հետագայում:

Ինչո՞ւ:

Այս հարցի պատասխանը չկա: Իհարկե տարբեր ենթադրություններ կարող ենք անել, այդ թվում Վանեցյանի կիսանյարդային հուզական հայտարարությունից կամ Օսիպյանի «բարոյական նույն սկզբունքներին» մնալու ձևակերպումից: Բայց ի վերջո հետաքրքիր է, թե ինչն էր վտանգավոր «սպայի պատվի համար» կամ այս պաշտոնյաների ներքին «բարոյականություն» ասածն արդյոք ՀՀ քաղաքացու պատկերացրած բարոյականությունն է:

Փաշինյանի ասուլիսին արած հայտարարությունները՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի մասին, ակնարկները Միքայել Մինասյանի կողմից ժամանակից շուտ ինֆորմացիա իմանալու, ինչպես նաև պաշտոնական ազատումներին հաջորդող քննչականի հայտարարությունները՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք առաջադրելու, Արցախի նախագահ Բակո Սահակյանին Մարտի մեկի գործով հարցաքննության կանչելու մասին, որոշակի ենթադրությունների հիմք տալիս են:

Սակայն ՀՀ քաղաքացին չպետք է առաջնորդվի ենթադրություններով: Գոնե հեղափոխությունից հետո այդպես չպետք է լինի: Արթուր Վանեցյանն ու Վալերիյ Օսիպյանն արդեն ժողովրդի իշխանության ներկայացուցիչներ չեն և իրենք իրավունք ունեն լռելու: Իսկ ժողովրդի վարչապետը պետք է հստակ բացատրի՝ ինչ է տեղի ունեցել: Եվ ի վերջո, ինչ-որ վարչությունների պետերի մակարդակով չեն տեղի ունեցած փոփոխությունները, որոնք պատասխանատու էին Հայաստանի ազգային և ներքին անվտանգության կուրսի համար:

Ավելին
Back to top button
Close