Նորություններ

Ֆիլմի հիմքում Գյումրիում Ավետիսյանների սպանության պատմությունն է

Գեղարվեստական պատումն ու ֆիլմի ստեղծման մտահղացումը

2015 թվականի հունվարի 12-ին ռուս զինծառայող Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների բազմանդամ ընտանիքի սպանության պատմության հիման վրա կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը ստեղծել են «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմ-արտադրությունում։

Կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը ֆիլմի բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակն են։
«Ցանկություն առաջացավ մի կերպ արտահայտելու մեր վերաբերմունքն այդ իրադարձությանը։ 2015 թվականին մենք ունեինք մեկ ուրիշ նախագիծ՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եւ այդ դեպքը, կարծես, աղ լցրեց մեր վերքի վրա։ Մեզնից պահանջվեց մոտավորապես 2 տարի, որպեսզի կարողանանք նյութը վերածել գեղարվեստական ձեւակերպման, եթե կարելի է այդպես ասել։ 2015-2016 թվականներին բավական երկար սցենարական աշխատանքներ կատարեցինք, նկարահանումները սկսեցինք 2016 թվականի հոկտեմբերին եւ շարունակեցինք 2017 թվականի գարնանը»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է ֆիլմի համահեղինակներից Արսեն Ազատյանը, իսկ Նարինե Մկրտչյանն ավելացնում է․

«Քանի որ թեման բավականին շատ ծանր էր եւ շատ խոցելի, մենք երկար ժամանակ մտորում էինք այդ նյութի շուրջ։ Որքան շատ ժամանակ էր անցնում, այդքան նյութն ավելի էր ծանրանում մեր հոգու վրա, չէինք կարողանում մոռացության տալ, այդ պատճառով այդ ոճրագործությունը մեզ անընդհատ ուղեկցում էր։ Մենք ուզեցինք գեղարվեստորեն անդրադառնալ այդ թեմային, բայց անդրադարձ կարող ես կատարել միայն այն դեպքում, երբ ունես քո մոտեցումները, քո դիրքորոշումը, քո վերաբերմունքը նյութի հանդեպ, ապա որոշեցինք իրականացնել սցենարը, փորձեցինք ֆինանսներ հայթայթել, գտնել նման ծանր աշխատանք իրականացնելու համար»։


«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում։

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի գլխավոր համակարգող Էդվին Կարելսը, ժապավենը դիտելով, ասել է, որ հիանում է ռեժիսորների աշխատանքով, նրանց ուրույն մոտեցմամբ եւ ոճով, ինչը հնարավոր չէ գտնել այլ ռեժիսորների մոտ։ «Սա մի ոճ է, որն անընդհատ ստիպում է քեզ մտածել. դու չես ստանում միայն պատումը, այլ ընկալում ես փիլիսոփայությունը։ Ֆիլմում արտացոլված է կրոնի, բռնության, քաղաքականության ու վախի էությունը: Չնայած ֆիլմը շատ անձնական է, քանի որ հիմնված է իրական դեպքերի վրա, այն շատ համամարդկային է։ Սա ընկալումից է կախված, այն կարող է համեմատվել Դոստոեւսկու վեպի հետ, լինելով նույնքան խորը»,-Արմենպրեսսի փոխանցմամբ՝ ընդգծել է Կարելսը:

Այս տարվա ապրիլին Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնում եւս ցուցադրվել է «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» ֆիլմը։


«Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը օգտագործել են զանգվածային ցույցերի տեսարաններ, որոնք արգասիքն են այն բանի, ինչը հայտնի է որպես Գյումրու կոտորած։ Սակայն նրանք իրական իրադարձությունների հիման վրա ստեղծել են մի պատում, որն իր այլաբանական բնույթով վերլուծում է տեղի ունեցածի պատճառահետեւանքային կապը:

Ֆիլմի մեջ զինվորին անվանում են Իվան, ինչպես ռուսական ժողովրդական բանահյուսության մեջ՝ Հիմար Իվանը, ով անթաքույց՝ «անմեղսունակությունից» չի վախենում սարսափելի արջից: Այս ավանդական առակը, ի դեպ, հաջողությամբ օգտագործվում է որպես պատումի համախմբման աղբյուր՝ յուրօրինակ ոճով զարդարված մանկական գեղեցիկ ներկայացմամբ:

Ճանաչված ռեժիսորների նոր աշխատանքը կենտրոնանում է դրամայի հետեւանքների վրա, որոնք ներկայացվում են արքետիպային նիշերի միջոցով, խորհրդանշելով իրադարձություններից առաջացած արձագանքները: Բայց մարդկային բնույթը անկանխատեսելի է»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ֆիլմի մասին ասել է փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Ալեխանդրա Թրելլեսը։

Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների։ Նրանց կինոնկարներն արժանացել են մրցանակների եւ լայն արձագանքի։ Նրանք հայ հասարակությանը հայտնի են «Բոբո», «Ռադիո Երեւան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» եւ այլ կինոնկարներով։

Գունավոր, խաղարկային եւ 112 րոպե տեւողության «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հայաստանյան ցուցադրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին՝ բոլոր կինոթատրոններում։ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում այն նախատեսված է ցուցադրել սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19։00-ին։ Նարինե Մկրտչյանն ընդգծում է․ «Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրությունը մեզ համար ավելի քան կարեւոր է»։

Իսկ մինչ ֆիլմի ցուցադրությունը՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։00-ին ֆիլմի համահեղինակները Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, կներկայանան մամուլի ասուլիսով։

Լուսանկարները տրամադրել է Ա․Ազատյանը

asparez.am

Ավելին
Back to top button
Close