ՆորություններՍպորտ

Ծաղկաձորում մեկնարկում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

Սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձորում անցկացվելու է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են 7 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատանի շախմատիստները, շուրջ 100 հոգի:

Առաջնությունը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել շախմատ մարզաձևի զարգացումը, նպաստել դպրոցներում պատանիների և աղջիկների հավաքական թիմերի ստեղծմանը, դպրոցականներին նախապատրաստել միջազգային մրցումներին և ամրապնդել դպրոցներում «Շախմատ» առարկայից ստացած գիտելիքները:

2018 թ.-ի նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչի քաղաքում կայացած Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) կողմից կազմակերպվող Գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայաստանին: Մրցումների կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան և Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան: Մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի պատվիրակության մասնկացությունը և մրցումների կազմակերպման գործընթացը ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու 2019 թ.-ի սեպտեմբերի 19-ին ժամը՝ 18:00-ին, իսկ փակման միջոցառումը՝ սեպտեմբերի 24-ին ժամը՝ 18:00-ին:

Ավելին
Back to top button
Close